«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
Օրվա մամուլ
08:42 23/01/2025
Հայաստան

«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները: Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։ Երեկ մի քանի ժամ կողմերը չափագրման աշխատանքներ են իրականացրել։

Ուշագրավ է, որ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչև փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել: Երեկ մարզպետի պատգամավոր եղբորը՝ Վահե Ղալումյանին հարցրինք. ճի՞շտ է, որ սկսվել է սահմանազատման գործընթացը։ Պատգամավորն ասաց՝ տեղյակ չէ։

Հիշեցնենք․ սահմանազատման հանձնաժողովն անցած շաբաթ հայտնեց, որ գործընթացը կվերսկսվի Հայաստանի հյուսիսից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդում: Օրինակ, թե ինչ սկզբունքով են առաջ շարժվելու հանձնաժողովները, արդյո՞ք Ադրբեջանի՝ տարիներ առաջ օկուպացրած տարածքները կվերադարձվեն մեզ, տեղի կունենա՞ փոխանակում, թե՞ մենք բացառապես տվողի դերում ենք լինելու, ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, որի մի հատվածը, ենթադրում են՝ սահմանազատման արդյունքում անցնելու է Ադրբեջանին։

Երեկ Գառնիկ Դանիելյանը նման հարց տվեց Մհեր Գրիգորյանին՝ ճանապարհի ինչ-որ հատված անցնելո՞ւ է Ադրբեջանին։ «Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում և ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,- «ցրեց» Մհեր Գրիգորյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները