«Քիմիա» առարկայի միասնական քննության թեստերում սխալներ են եղել. «Խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի»
Կրթություն, գիտություն
13:25 27/01/2025
Հայաստան

«Քիմիա» առարկայի միասնական քննության թեստերում սխալներ են եղել. «Խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի»

Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։ Հունվարի 26-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից։ 

Քննությունից ժամեր անց ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
ԳԹԿ էջում «Քիմիա» առարկայի թեստերն ու ճիշտ պատասխանները ներկայացնելուց հետո շատ օգտատերեր գրառումներ են արել՝ նշելով, որ սխալներ կան թեստերում, պատասխաններում, թեստերում տպագրական սխաների պատճառով հնարավոր է միավորներ կորցրած լինեն։

«Խնդրում եմ վերանայեք 2-րդ թեստի 2-րդ հարցը, այնտեղ ճիշտ տարբերակ չկա և 70-ի առաջին պնդումը ցայտուն երևում է, որ սխալ է»,- գրել է օգտատերերից մեկը։ 

Այլ սխալերի մասին նույնպես կան գրառումներ։ 

Արդեն այսօր ԳԹԿ էջում տեղադրված է «Քիմիայի երեկվա քննության ճիշտ պատասխանները»:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
*Թեստ 1 , 2, 3, 4 -ի 2-րդ առաջադրանքի բոլոր պատասխանները համարել ճիշտ։
*Թեստ 1-ի 70․6-րդ , թեստ 2-ի 70.1, թեստ 3-ի 70.2, թեստ 4-ի 70.3 առաջադրանքների բոլոր
պատասխանները համարել ճիշտ»,- նշված է էջում։

Panorama.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական խնդրի պատճառով պատասխանները, ոչ թե թեստերը, հրապարակվել են սխալով: 

Նա նաև ընդգծեց, որ խնդիրը լուծված է. «Խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի՝ բոլոր դիմորդներին միավոր է տրվել»։ 


 

Placeholder
«Քիմիա» առարկայի միասնական քննության թեստերում սխալներ են եղել. «Խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի»