150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին
Հասարակություն
19:39 28/01/2025
Հայաստան

150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին

150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես լսում եմ ձեզ, կարդացել եմ բազմաթիվ նամակներ ու մեկնաբանություններ, դիտել եմ բազմաթիվ հարցումներ։Մեր նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը կլինի հարմարավետ բոլորի համար։ Երևանից վերացրել ենք հուսահատության գազելները, «Բոգդան»-ները, ծխացող «Հյունդայի»-ները։ Նոյեմբերից վերացրել ենք վարորդների հետ կանխիկ գործարքները, իսկ հունվարի մեկից՝ առհասարակ որևէ տեսակի կանխիկ գործարք տրանսպորտի ներսում»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ հաշվի առնելով քաղաքացիների բողոքները որոշում է կայացվել փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։

«Այս փոփոխությունը գործելու է ողջ 2025թ․-ի ընթացքում։ Մեր նպատակն է ՝ ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի հարմարավետ և մատչելի բոլորի համար, բայց մյուս կողմից թույլ կտա լուծելու կանգառներում երկար սպասելու խնդիրը, ավտոբուսների գերբեռնվածության խնդիրը, նոր կանգառասրահների տեղադրման խնդիրը և այլն։ Առաջարկվող 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության՝ յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով և միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»,- ասաց Ավինյանը։

Նա նաև հայտնեց, որ հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետմները կերկարացվեն ևս մեկ ամսով։

«Սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկամսյա փաթեթ հունվար կամ փետրվար ամիսներին, ստանում եք միանգամից երկու ամսվա փաթեթ, եթե ամսական կամ տարեկան փաթեթ, ապա՝ ևս մեկ ամիս»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Placeholder
150 դրամ՝ մեկ ուղևորության համար․ Ավինյանը՝ տրանսպորի ուղեվարձի նոր փոփոխության մասին