Վաղը մեկնարկելու է Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատաքննությունը
Իրավունք
19:31 28/01/2025
Հայաստան

Վաղը մեկնարկելու է Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատաքննությունը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է

«Վաղը՝ հունվարի 29-ին, ժ.15:00-ին, Շենգավիթի դատարանում (հասցե՝ Արշակունյաց 24/1) մեկնարկելու է քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների վերաբերյալ դատաքննությունը «Ստեփանակերտի» գործով։

Հիշեցնեմ, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024թ. մայիսին՝ Տ.Բագրատ արք. Գալստանյանի հետ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։
Դ.Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր խարդախությամբ հափշտակելու համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։

Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։

Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչականը փաստացի ընդունեց մեր փաստարկները և վերացրեց խարդախության անհեթեթ մեղադրանքը: Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն՝ Դ.Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։

Հատկանշական է, որ Դ.Սարգսյանի խափանման միջոցը՝ փաստացի, «կիսատնային կալանքը» (դե յուրե՝ «վարչական հսկողության» անվան տակ) դատախազությունը թողեց անփոփոխ, թեև ծանր հանցակազմը փոխարինել էր ոչ մեծ ծանրության հանցակազմով։

Պաշտպանության կողմը բնականաբար չի ընդունում մեղադրանքը և տրամադրված է դռնբաց դատական նիստերում դատարանի ու հանրության առջև ի ցույց դնել մեղադրանքի ողջ անհեթեթությունը»։

Placeholder
Վաղը մեկնարկելու է Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատաքննությունը