Արժեքները փոխվեցին հոկտեմբերի 27-ից հետո, այն մեր պարտության սկիզբն էր. Ֆելիքս Պողոսյան
Հասարակություն
11:36 29/01/2025
Հայաստան

Արժեքները փոխվեցին հոկտեմբերի 27-ից հետո, այն մեր պարտության սկիզբն էր. Ֆելիքս Պողոսյան

Հայաստանի զինված ուժերի օրվա համատեքստում առաջնային հարցն է, թե ինչպես եղավ, որ մեր ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը՝ բանակը չկարողացավ կատարել առաջնային խնդիրը՝ երկրի անվտանգության ապահովումը։ Օրվա հարցին «Panorama-հարցազրույցների» տաղավարում ԶՈւ-ի ներսի հայացքով ու դիտարկումներով պատասխանում է պահեստազորի գնդապետ, «Արծիվ» մահապարտների գումարտակի դասակի հրամանատար, 5-րդ բրիգադի հրամանատարի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, ով առաջին Արցախյան ազատամարտից հետո էլ մոտ 30 տարի ծառայել է Բանակում՝ զբաղեցնելով տարբեր սպայական հաստիքներ։ 44-օրյա պատերազմում հազարավոր հերոսների հետ միասին մարտիրոսվեց նաև Ֆելիքս Պողոսյանի որդին՝ Կարենը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։

▪Այդ կոռուպցիան պլանավորված համակարգված բանակում էր։ Ամենասարսափելին զինվոր ծախելու հանգամանքն էր։ Ինչ էր սա նշանակում՝ տղայիդ պետք է ազատել բանակից, պետք է այսինչ զորամասը գցել։

▪Պաշտպանության նախարարության ապարատում էին ծառայում էսինչ նախարարի, պատգամավորի տղան, քրոջ, եղբոր տղան և այդպես շարունակ։ Գտան ելք մի մասի համար, այսպես ասած, հնարավոր եղավ պարտակել և այդ զինվորները բոլորն էլ բիլետ ստացան։

▪Գերի հանձնված ադրբեջանցի զինվորին մեր սպան հարցնում էր՝ ձեր մոտ արձակուրդը փողով է՞, թե՞ չէ։ զինվորն ասում է՝ փողով է։ Սպան հարցնում է՝ ինչքա՞ն է։ Ադրբեջանցի զինվորն ասում է՝ 10 օրը 100 դոլար, մեկ ամիսը 300 դոլար։ Էս մեր սպան բացականչեց՝ արա, տոշնի մեր գներն են։ Ես միգուցե որպես անեկդոտ եմ սա պատմում, բայց արդյո՞ք այն մեր ողբերգությունը չէ։

▪Ինչպես կարող է ոգի լինել բանակում, երբ շարքային զինվորը գիտի, որ սպան գողանում է, որ իրեն ծառայության գցեցին մի տեղում, որովհետև իրենից այսքան գումար էին ուզել, իսկ իրենց հարևանը իր հետ չի ծառայում, որովհետև նրա հայրը գնաց և այդ գումարը վճարեց զինկոմիսարիատում։

▪Ես որոշ սիրողական հաշվարկներ եմ արել ինձ համար, թե ինչքան մարդ կարող է մասնակցած լինել արցախյան ազատամարտին և դրա հետևանքով ինչքան հաշմանդամ ունենք։  Այսօր Արցախյան առաջին ազատամարտին մասնակցածների կեսից ավելին հաշմանդամներ են։

▪Ես Լևոն տեր-Պետրոսյանին այն ժամանակ մեղադրում էի՝ ասելով, որ նա էլ է դավաճան։ Բայց հետո վերլուծելով հասկացա, որ դավաճան չէ։ Բայց հետո էլի էի մեղադրում, թե ինչո՞ւ չգնաց մինչև վերջ, ինչու 1998 թվականին հրաժարական տվեց։

▪Ես ցավ եմ տեսել, արյուն եմ տեսել, կորուստ եմ տեսել, տվել եմ, ինչը որ կարողացել եմ՝ տվել եմ... Վերջապես զավակ եմ տվել։ Ինձ ցավ է պատճառում մի հանգամանք, որ մեր ժողվորդի մեջ խորացած է։ Անգամ իմ մարտական ընկերները Կարենիս բոթը լսելուց հետո ինձ մոտեցել և ասել են՝ արա, խի թողիր, որ գնա պատերազմ, կամ՝ ինչո՞ւ եկավ ԱՄՆ-ից։ Ժողովրդի մեծ մասն այդպես է մտածում։ Ավելի մոտ ընկերներս ասում էին՝ այո՝ Պողոսյան Ֆելիքսի տղան էր, այդպես էլ պետք է լիներ։

▪Սթափվենք, իրատես լինենք։ Իրատեսությունն եմ ես համարում մեր ժողովրդի ամենակարևոր պակաս բանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Placeholder
Արժեքները փոխվեցին հոկտեմբերի 27-ից հետո, այն մեր պարտության սկիզբն էր. Ֆելիքս Պողոսյան