ՔԿՀ-ներում ամբողջությամբ բարձիթողի վիճակ է. Ժաննա Ալեքսանյան
Իրավունք
10:51 30/01/2025
Հայաստան

ՔԿՀ-ներում ամբողջությամբ բարձիթողի վիճակ է. Ժաննա Ալեքսանյան

«Քրեակատարողական հիմնարկներում խայտառակ վիճակ է։ Այս տարվա ընթացքում արդեն արձանագրված մահվան 4 դեպքը խոսում է ՔԿՀ-ներում ամբողջությամբ բարձիթողի վիճակի մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով տարիներ շարունակում բարձրաձայնում է անազատության մեջ գտնվող անձանց խնդիրների մասին։ 

Նա նաև նշեց, որ ՔԿՀ-ներում վիճակի վատացման մասին է վկայում հացադուլի դիմողների թիվ. «Բողոքները շատ-շատ են, որոնք անուշադրության են մատնվում»։

Իրավապաշտպանի խոսքով, ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում հացադուլի ոչ բոլոր դեպքերի մասին են տեղեկացվում։

«Ինձ շատ են զանգահարում, միևնույնն է՝ չեմ կարող իմանալ բոլոր դեպքերի մասին, փակ համակարգը չի տալիս տվյալներ։ Բայց որ ակնհայտորեն մեծացել է հացադուլի դիմողների թիվը, անժխտելի իրողություն է»,- ասաց Ժ. Ալեքսանյանը։

Ըստ նրա, անազատության մեջ գտնողները հացադուլ են հայտարարում ամենատարրական հարցերի վրա ուշադրություն հրավիրելու համար ՝ խուց փոխել, ՄԻՊ աշխատակազմի հետ հանդիպում կազմակերպել կամ վատառողջ են, ունեն  բազմաթիվ հիվանդություններ, ուզում են տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց։

Նա հիշեցրեց վերջին դեպքերից մեկը.  43 օր հացադուլի մեջ է եղել Արմավիր քրեակատարողականում պահվող, բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, գեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաարային դիաբետ) 50-ամյա Աշոտ Իսրայելյանը։ Նա պահանջել է իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բժիշկների վերահսկողության տակ և այդ պահանջը բավարարվել է միայն 43-րդ օրը։

Իրավապաշտպանի փոխանցմամբ, Պրոբացիայի ծառայությունից Նաիրա Բաբայանն ասել է, որ կալանավորը հատուկ է հացադուլ հայտարարել, որպեսզի տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց։ Կալանավորը դիմել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այդ դիմումն անարձագանք էր մնացել, նրան չէին այցելել։

«Ես ընդգծում եմ Պրոբացիայի ծառայությունում նեգատիվ վերաբերմունքը հատկապես հացադուլ անողների նկատմամբ։ Ի դեպ, այս տարի հացադուլից մահվան դեպք է գրանցվել»,- ասաց Ժ. Ալեքսանյանը։

Մեր դիտարկմանը, որ ՔԿՀ-ից ներկայացված տվյալների համաձայն, այս հունվարի 24-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 4 դեպք՝ 2-ը՝ կենսաբանական մահ,  2-ը՝ ինքնասպանություն, իրավապաշտպանն ասաց. «Կենսաբանական մահերը կասկածի տակ եմ դնում։

Ես նշեցի, որ ակնհայտ է նեգատիվ վերաբերմունք կալանավորների, դատապարտյալների նկատմամբ»։

Վերջին  մեկ տարում նա նկատել է համակարգի հետընթաց, նույնիսկ տավարություն ունի, որ վարչակազմը չի հսկում։ Բացի այդ,  ՔԿՀ-ների հասարակական դիտորդական խումբն այլևս չի այցելում կալանավորներին, դատապարտյալներին, քանի որ ֆինանսավորում չունի. «Այսինքն ստացվում է՝  ամբողջովին բարձիթողի վիճակ է և վիճակն էլ գնալով վատանում է»։

Նա նշեց, որ կան հացադուլ հայտարարած անազատության մեջ գտնվողներ, ովքեր ուզում են տեսնել ՄԻՊ աշխատակցին, սակայն ՄԻՊ աշխատակազմից էլ նրանց չեն այցելում։

Իրավապաշտպանը հույս ունի, որ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր պետի նշանակմամբ ինչ-որ բան կփոխվի։

ՔԿՀ-ներում գրանցված ինքնախեղման, ինքնավնասման հարյուրավոր դեպքերը, նրա գնահատմամբ, նույնպես ուշադրություն գրավելու համար են։ 

Ժ. Ալեքսանյանն ասաց, որ ոլորտում շատ են խնդիրները։

«Որոշակի բարեփոխումներ տեսա, երբ Արփինե Սարգսյանն արդարադատության փոխնախարար էր, ՔԿՀ-ներն էր վերահսկում։ Լրջորեն աշխատում էր այդ ուղղությամբ։ Երբ այցելում էի ՔԿՀ-ներ, տեսնում էի, որ որոշակի փոփոխություն կա։

Վերջին մի քանի տարում երեք նախարար են փոխել։ Ո՞վ պետք է հասցնի բարեփոխումները տեղ հասցնել»,- ասաց իրավապաշտապն Ժաննա Ալեքսանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։ 

Placeholder
ՔԿՀ-ներում ամբողջությամբ բարձիթողի վիճակ է. Ժաննա Ալեքսանյան