Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արևի մարդիկ»՝ Պարոնյանի բեմում. իրապատում՝ արցախյան ջերմության ու ջերմ արցախցիների մասին
Այսօր և վաղը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալու է արցախցի ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի «Արևի մարդիկ» ներկայացման պրեմիերա։ Բեմադրության սցենարը կազմվել է արցախցի գրող Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասիր» գրքի հիման վրա։
Panorama.am-ի հետ զրույցում Ռուզան Խաչատրյանն ասաց, որ հատուկ այնպիսի գործ է բեմադրել, որտեղ Արցախը լինի շատ ջերմ, շատ տաք, շատ ուրախ, որպեսզի հանդիսատեսն Արցախն այդ ջերմությամբ իր մեջ կրի։
«Հերմինեն իր գիրքը գրել է 44-օրյա պատերազմից առաջ, տպագրվել է պատերազմից օրեր առաջ։ Իրապատում է։ Հերմինեն գրել է իր գյուղի, իրական մարդկանց, իրական պատմությունների մասին՝ տալով գեղարվեստական շունչ։ Հերմինեի հիշողություններն են ու նրա շրջապատում եղած մարդկանց մասին է։
Այս գրքում, ի տարբերություն Հերմինե Ավագյանի առաջին գրքի, որում ամբողջությամբ պատերազմի թեման է և որի հիման վրա Արցախում ստեղծել ենք «Լուսաբացից առաջ» ներկայացումը, այս գրքում, իհարկե, պատերազմի գիծը կա, բայց գյուղում ապրող մարդու մասին է՝ հասարակ կյանքով ապրող հայ մարդու մասին է, ով ամուր կանգնած է իր հողին, բայց միաժամանակ արևին մոտ։ Ջերմ մարդկանց մասին է»,- մանրամասնեց ռեժիսորը։
Նա նշեց, որ այս անգամ ցանկացել է Արցախին անդրադառնալ ուրախ թեմայով. «Ցանկացել եմ այս անգամ այստեղից իմ հայրենակիցը գա ու մի այլ աշխարհ տեսնի՝ պատերազմի մեջ չտառապող, ուրախ-զվարթ Արցախ ու այդ Արցախից մի փոքրիկ բան տանի իր հետ, Արցախն այդ ջերմությամբ իր մեջ կրի։
Ուզում եմ այս անգամ Արցախը լինի շատ ջերմ, շատ տաք, շատ ուրախ ու այդ թրթիռներով հանդիսատեսը գնա տուն»։

Ինչո՞ւ «Արևի մարդիկ»
«Հերմինեի հետ ենք մտածել։ Քանի որ արևը հավերժության, լույսի, սիրո խորհրդանիշն է, արևը նաև երբեք չի խավարում, միևնույնն է՝ ծագում է։ Այսինքն՝ հայ մարդն էլ այդ ջերմությունը, հավերժությունն իր մեջ կարող մարդ է»։
Ռուզան Խաչատրյանն ընդգծեց, որ պատերազմի թեմային ուղիղ գծով չի անդրադարձել հատուկ. «Այդ թեմային անդրադառնալու առիթներ կլինեն։ Մենք դեռևս հոգեպես պատրաստ չենք այդ նուրբ լարին կպնելու։ Այս թեման ստեղծագործական նյութ դառնալու համար շատ պետք է խմորվի մեր մեջ, հետո նոր կյանք ստանա, այլապես սուտ կլինի։ Խուսափել եմ այդ թեմայից։
Բայց ներկայացման տեքստում կան դրվագներ, որոնցից հասկացվում է՝ անցյալում մնացած և այլևս երազանք դարձած հայրենիքի մասին ենք խոսում»։
Ներկայացումը գրական հայերենով է, Արցախի բարբառով փոքրիկ հատվածներ կան։ Դերասանական կազմում երկու արցախցի է ընդգրկված։
Դերերում՝ Շողեր Սարգսյան, Արթուր Կարապետյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Ռուզան Գասպարյան, Մարատ Դավթյան, Արմեն Կարապետյան, Սաթիկ Հախնազարյան, Զարուհի Խաչատրյան , Մարիամ Գրիգորյան, Սերգեյ Ոսկանյան, Արսեն Ալբարյան, Սիփան Զադոյան, Հասմիկ Մխիթարյան, Կարապետ Քարաջյան:
Երգիչ Վարդան Բադալյանը ներկայացման համար հատուկ երգել է «Հորովելը»։
Նա նշեց, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն ու թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ամեն ինչ արել են այս ներայացումը կայանալու համար, նույնիսկ հիմքն են դրել։
«Կարծում եմ՝ մեր աշխատանքը կգահատվի նաև շարքային հանդիսատեսի կողմից»,- ասաց Ռուզան Խաչատրյանը։

