Իշխանություն հո չէ, մուսա է, մուսա
Իրավունք
22:33 01/02/2025
Հայաստան

Իշխանություն հո չէ, մուսա է, մուսա

Մուսա՝ անուն նկատի չունեմ, մտաներշնչում նկատի ունեմ։

Ուրեմն, տեսել եք Երևանի հրապարակում ադրբեջանցիների  երգելու տեսանյութը։ Երբ այդ մասին հրապարակվեց, ֆեյսբուքում հայտնվեցին մեկնաբանողներ, որ գտան, թե՝ «ֆեկ» տեսանյութ է։ Ասում եմ՝ ՖԵԿ չի, աած-ն հաստատեց, անուններն էլ հրապարակեց։ Անհանգիստ կինը հարցնում է՝ բա որ ֆեկ չի, ուր են ոստիկաննեը, ուր են հայ տղամարդիկ։

Ի՞նձ ես հարցնում։ Ես, հրես, իշխանության ամեն տխմարության արձագանքում եմ, որ չասեք՝ ուր ես, ուր էիր։ Թե չէ ինձ մնա, ամեն ինչ ասված է, ու  օրը մի քանի անգամ մտաներշնչվելով նման պղտոր աղբյուրից, էլ սիրտ չի դիմանա։

Բա, անհայտ կնիկ ջան, երբ Ինտերպոլով հետախուզվող վտանգավոր թուրք հանցագործնեը հայտնաբերվեցին Հայաստանում,  ինչու՞  չհարցրեցիր, չանհանգստացար, թե ինչ էին ու երբվանից էին անում թուրքերը Հայաստանում, որ որպես բարի կամքի դրսևորում էլ փաշինյանյան իշխանությունները հանցագործներին հանձնեցին Թուրքիային;

Մեկն էլ ասում է՝ ստորներ ինչու եք կեղծ բաներ տարածում։
Մի րոպե, տառաճանաչ «կոլլեգա», ու՞մ ես բացեբաց ստոր ասում, լրատվամիջոցի՞ն, աած-ի՞ն։
Կողմնորոշվի, խանըմ, հետո արտահայտվի։ Եթե մի բան չես ուզում, որ եղած լինի, չի նշանակում, որ եղածին կեղծ ես ասելու։

Մեկն էլ նույնիսկ սկսեց հեռվից, թե՝ ղարաբաղցիները ադրբեջաներեն գիտեն․․․։ Իբր հատուկ արած է, որ․․․ ի՞նչ լինի։ Պատիվ ու հայրենասիրությո՞ւնդ արթնանա։ Ծնվի։

Ինչևէ՝ երեկ բավական ժամանակ նվիրեցի անհիմն ու ատելություն ծխող մեկնաբանությունների տակ աած հայտարարությունն ու «Իրանի քաղաքացիների» անունները կոպի անելուն, որ փաստը մերժող մեկնաբանողների օդից գեներացվող ատելությունը   հրապարակողների ու, չգիտես ինչու, արցախցիների դեմ՝ մեղմեմ։

Ճիշտն ասած՝ մի փոքր զարմացած էի աած արագաշարժությունից, բայց «Իրանի քաղաքացիները» շատ բան տեղը դրեց։ Իբր ադրբեջանցիներ չեն, էլի։ Իբր՝ եթե ատում եք, իրանցիներին ատեք։

Մի օր չանցած քննչական կոմիտեն գտնում է, որ շատ ատելություն գեներացվեց, ու «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ» աած-ի հաղորդման վրա, ձերբակալում է... արցախցու, ով տեսանյութը նկարել էր։

Այս նույն օրինաչափությամբ աած-ն պիտի հաղորդում ներկայացնի ու քննչականը պիտի Փաշինյանին ձերբակալի։ Կամ Փաշինյանյան նկարահանող խմբին։ Հանրայինով, տիկտոկով, ֆեյսբուքով, էլ որտեղով ասես խոսում է ու դրանից ատելություն է տարածվում։ Մեկ է ում նկատմամբ, փաստ է՝ տարածվում է։

Եթե քննչականը ասեր՝ արցախցու դեմ թշնամանք է տարածվել (թեպետ՝ հերթական անգամ անհասկանալի է՝ ինչու, ու հասկանալի է՝ ում կողմից), մեկնաբանություններին նայելով ընկալելի կլիներ։ Բայց ասում է՝ սխալ է բացատրել, թե ինչ է անում մի խումբ ադրբեջանցին ու ինչ է երգում հրապարակում. Ասում է «դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ» է արել։ 

Է դուք թարգմանեք,  հասկանանք։ Մենք մոդայիկ չենք, ադրբեջաներեն չգիտենք։ Նույնիսկ պարսկերեն չգիտենք։

Տեսանյութը, թարգմանեք, ճիշտ մեկնաբանենք։ Թե չէ ստացվում է, որ քննչական կոմիտեն ատելություն պարունակող ու հրահրող գործողություններ է անում։   

Անահիտ Ոսկանյան

Հ.Գ. - այս նեղ պահին երկու անեկդոտ է հիշվում։ Մեկը՝ «Է չնստեի», մյուսը՝ «ով տ.ի, ով գնա սանատորիա»։

Placeholder
Իշխանություն հո չէ, մուսա է, մուսա