Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը
Պաշտպանության նախարարությունը e-draft իրավական ակտերի միասնական կայքում
հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով ՊՆ-ն առաջարկում է խստացնել մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:
Նախագծի հիմնավորման համաձայն. «ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանվել է վարժական հավաքից խուսափելու համար քաղաքացու պատասխանատվությունը, որի համաձայն՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Գործող ձևակերպման մեջ օգտագործվում է «վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում» հասկացությունը, սակայն վարժական հավաքների կազմակերպման և անցկացման հարաբերությունները սահմանող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածը չի նախատեսում վարժական հավաքից ազատման իրավունք, այլ սահմանում է վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը, միաժամանակ, նշված հիմքերը սահմանված են բացառապես նշված հոդվածում, որոնք ներառում են նաև «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված՝ զորահավաքային զորակոչին կանչվելու ոչ ենթակա պայմանները: Այսինքն՝ վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը սահմանված են բացառապես օրենքով:
Բացի այդ, վարժական հավաքների կանչվող քաղաքացիների կողմից տարբեր ձևաչափերով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ որևէ այլ եղանակով վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու դեպքերի օրենսդրորեն չամրագրված լինելու պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման: Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը:
Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Այդ նպատակով, համապատասխան վարքագիծը կանխելու նպատակով, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը»։
Փոփոխությամբ առաջարկվում է. «Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Այս փոփոխությունները թույլ կտան խստացնել պատասխանատվությունը և նվազեցնել զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերը»։
Ռազմական ոստիկանության լիազորությունները զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում
Ռազմական ոստիկանությունը զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում իրավունք ունի՝ քաղաքացիներին զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի հանձնումը, զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչիկներին հայտնաբերելու, պարտավորեցնելու և համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնելու, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներից խուսափող անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու և օրենքով սահմանված կարգով համապատասխան գործողություններ կատարելու:»: