Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մահվան առաջին տարելիցն է։ Նրա հարազատները, պարընկերները, մարտական ընկերներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Գագիկ Գինոսյանի հիշատակին:
Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, լրագրողներին ասաց. «Շնորհակալ եմ կյանքին, որ ինձ նման հայր, ընկեր, պարընկեր ունենալու հնարավորություն է տվել։ Մենք իրար հետ ապրել ենք, աշխատել ենք, ինչն անփոխարինելի է։
Ժամանակը ոչինչ չի բուժում, ուղղակի սկսում ես հարմարվել այդ մտքին, որ ինքը չկա, բայց չի նշանակում, որ վերքն ինչ-որ կերպ փակվում է, չի ցավեցնում։ Ես ամեն օր մտքերով իր հետ եմ»։
Ծ. Գինոսյանի խոսքով, պարի, Արցախի հանդեպ սերը հայրը փոխանցել է նաև իր շրջապատի մարդկանց. «Պարախմբի բոլոր տղաները 2020 թվականին միաձայն որոշեցին գնալ պատերազմ։ Դա պատահականություն չի։ Ինչպես ինքն է ապրել, նույն ձև դաստիարակել է իր շրջապատում եղած մարդկանց, բոլորին կրթում էր լինել այդպիսին։ Երբ որ գալիս է պահը, բոլորն իրենց դրսևորում են այնպես, ինչպես պետք է դրսևորեն»։
Երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշեց, որ այն, ինչ արել է Գագիկ Գինոսյանը, ինքնության պահպանման կարևորագույն գործերից մեկն է. «Սա մեծ հարստություն է հենց ինքնության պահպանման համար։ Այս ժառանգությունը բորինս է, աչքի լույսի պես պետք է պահենք, նրա կատարած աշխատանքը պետք է շարունակենք բոլոր»։
Մրոն Գագիկ Գինոսյանին մեկ բառով նկարագրեց՝ «հզոր հայ»։