Ահազանգ, հազարավորները լքել են ՏՏ ոլորտը. Սարգիս Կարապետյան
Տնտեսություն
16:42 06/02/2025
Հայաստան

Ահազանգ, հազարավորները լքել են ՏՏ ոլորտը. Սարգիս Կարապետյան

«Առաջին հաղորդագրությունը, որ կուզեմ լայն հասարակությանը հղել, այն է, որ մենք օգնություն չենք ուզում, մեր համայնքն օգնության կարիք չունի և մեր համայնքը չի խնդրում պետական բյուջեից փողեր հատկացնել: Մենք եկել ենք ռիսկի մասին ահազանգելու, քանի որ Հայաստանը որպես միջավայր օրեցօր կորցնում է իր մրցունակությունը այլ էկոհամակարգերի նկատմամբ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Նա նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում կրճատվում էկոհամակարգը։

Նա նշեց, որ ոլորտի ընկերություններից որևէ մեկը սպառնալիք չի հնչեցնում, չեն ասում, որ եթե մի բան չլինի, իրենք կգնանք Հայաստանից:

«Բոլորն էլ հայրենասեր ձեռներեցներ են, ընտրել են Հայաստանում աշխատելու տարբերակը, ուղղակի ահազանգում են այն մասին, որ եթե խնդիրները չլուծվեն, այս ընկերությունները չեն կարողանալու շահութաբեր բիզնես լինել և ժամանակի ընթացքում ուղղակի փակվելու են, եթե նույնիսկ որոշում չկայացնեն Հայաստանից տեղափոխվել»,-ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։

Նա նշեց, որ քննարկելու են, թե ինչպիսի միջավայր ենք մենք ապահովում Հայաստանի Հանրապետությունում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման համար։

Հիշեցնելով , որ վերջերս ԲՏԱ նախարարությունն առաջարկել է ենթաօրենսդրական կարգավորում, որի շուրջ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են եղել Սարգիս Կարապետյանն ասաց. «Այն, ինչ առաջարկվում է այս պահի դրությամբ, դրա հետ կապված մեր համայնքը դժգոհ է»։

Նա նշեց, որ համայնքը փող չի ուզում, այլ ներդրում է ակնկալում, եթե այն չլինի ոլորտը կփոքրանա:

«2024թ՝ 2023-ի նկատմամբ 5000-ով պակասել է մեր ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների քանակը՝ այդ թվում ԱՁ-ների և բիզնեսների թիվը միասին վերցրած, նաև 2000-ով կրճատվել են հաստիքները: Սա վերջին 25 տարվա ընթացքում պատմական աննախադեպ անկում է, ինչի մասին ահազանգել ենք ԱԺ-ում: Սակայն մեզ այն ժամանակ ասացին, որ ծայրահեղացնում ենք»,-հայտարարեց Սարգիս Կարապետյանը՝ նշելով, որ այդ մասին ԱԺ-ում բարձրաձայնել են և իրենց իշխանություններն ասում էին, թե ծայրահեղացնում են:

Placeholder
Ահազանգ, հազարավորները լքել են ՏՏ ոլորտը. Սարգիս Կարապետյան