Տնտեսվարողներն այլևս կապահովեն միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը՝ բաշխման ամբողջ շղթայով
Տնտեսություն
13:29 06/02/2025
Հայաստան

Տնտեսվարողներն այլևս կապահովեն միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը՝ բաշխման ամբողջ շղթայով

«2018-ին ԵԱՏՄ-ի նոր համաձայնագրով ՀՀ-ն և անդամ մյուս երկրները պարտավորվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման նոր համակարգ ներդնել. խոսքը QR կոդերով դրոշմավորման մասին է»,- կառավարության նսիտում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ դրոշմավորումը ՀՀ-ում գործել է 1997 թվականից՝ սկսելով ալկոհոլային խմիչքներից, ծխախոտից, այնուհետև տարածվել է տարբեր ապրանքների վրա:

«Հին համակարգը եղել է ոչ հետագծելի, այսինքն՝ դրոշմավորումը կատարվել է ներմուծողի և արտադրողի մոտ»,-հայտնեց Էդուարդ Հակոբյանը:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ նոր համակարգի ներդրման տրամաբանությունն այն է, որ սկզբից տնտեսվարողներն անցնում են փորձնական ծրագիր, այնուհետև սահմանվում են դրա անցման ժամկետները: Նշված մեխանիզմն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շինարարության մեջ մտնելուց մինչև շրջանառություն դուրս գալը:

«Հետագծելիության այս համակարգը կայացման փուլում է. դա է պատճառը, որ մենք այս նախագծով առաջարկում ենք բոլոր ապրանքատեսակները մեկ տարվա ընթացքում աստիճանաբար, համապատասխան փուլերով տեղափոխվեն նոր համակարգ, որի ընթացքում մեր ներմուծող և արտադրող կազմակերպությունները աստիճանաբար կադապտացվեն այս համակարգին՝ կուտակելով դրա համար համապատասխան գիտելիքներ և կարողություններ՝ ներդնելով համապատասխան տեխնոլոգիաներ, իսկ պետությունը կներդնի վարչարարության համապատասխան ամբողջական գործիքակազմ, ինչպես նաև աստիճանաբար կապահովվի ԵԱՏՄ երկրների հետ փոխճանաչելիության գործընթացը»,-հայտնեց Հակոբյանը:

Նա նշեց, որ խոսքը գնում է18 ապրանքախմբերի մասին է, որոնք, այս տարվա մարտի 1-ից սկսած, առաջարկվում է եռամսյակային փուլերով ներդնել՝ մարտի 1-ից՝ ըմպելիքներ, պահածոյացված մթերք, մակարոնեղեն, թեյ և սուրճ, հունիսի 1-ից՝ կաթնամթերք, երշիկեղեն, սեպտեմբերի 1-ից՝ յուղեր, ներկեր, լաքեր և այլ ապրանքախմբեր, 2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղեր, կոսմետիկա և այլ ապրանքախմբեր:

«Նախագծով հնարավորություն է տրվում կամավոր անցում կատարել, որովհետև կարող են լինել տնտեսվարողներ, որոնք առանձին ապրանքատեսակների համար հնարավոր է՝ արդեն անցում են կատարել այդ համակարգին և կարող են կամավոր անցում կատարել:

Ինչ վերաբերում է անցումային փուլում գտնվող ապրանքներին, դրա համար կշարունակի գործել հին համակարգը և պիտակների տրամադրումը, սակայն այն նոր ապրանքները, որոնք պետք է անցնեն համապատասխան ամսաթվերին նոր համակարգ, այդ պահից սկսած՝ հին պիտակների պաշարը մարելուց հետո, ամբողջությամբ պետք է անցում կատարեն նոր պիտակների: Հետևաբար, հին պիտակների մատակարարումը տեղի չի ունենալու այլևս այդ պաշարը մարելուց հետո»,- ասաց Հակոբյանը:

Placeholder
Տնտեսվարողներն այլևս կապահովեն միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը՝ բաշխման ամբողջ շղթայով