«Ժողովուրդ». Հպարտ քաղաքացին ոչ միայն իրավունք չունի գործադուլ անել Փաշինյանի օրոք, այլև արհամարհվում են աշխատակիցների օրինական շահերը
Օրվա մամուլ
08:58 08/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հպարտ քաղաքացին ոչ միայն իրավունք չունի գործադուլ անել Փաշինյանի օրոք, այլև արհամարհվում են աշխատակիցների օրինական շահերը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԶՊՄԿ-ի հարցը հասել է իրավապահ համակարգ, գործադիր ու օրենսդիր մարմիններ: Սյունիքի մարզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները (բաժնետեր է նաև Կառավարությունը) հունվարի 31-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլին մասնակցում են ԶՊՄԿ-ի շուրջ 200 աշխատակից։ Կոմբինատի ղեկավարության և գործադուլավորների միջև տեղի ունեցած բանակցությունները 7 օրից ավելի է, ինչ այդպես էլ որևէ արդյունք չեն տալիս: Երեկ էլ գործադուլը շարունակվում էր: Թեև 70 աշխատակիցների տվյալներ հանքի տնօրենությունը փոխանցել է իրավապահներին, որ նրանցով զբաղվեն, սակայն իրավիճակը չի հանդարտվում:

Նախ ԶՊՄԿ-ի վերնախավը գործադուլը չի համարում իրավաչափ և մինչ այսօր չի ընդառաջում իր աշխատակիցներին: Նրանք շտապել են միայն հաշվարկել հանքի կրած վնասները, իսկ մարդիկ, որոնք բողոքում են անմարդկային պայմաններում աշխատելուց, հանքի ղեկավարությանը չեն հետաքրքրում:

Ընկերությունը պաշտոնական տվյալներ հաղորդեց, թե գործադուլի հետևանքով ԶՊՄԿ-ն օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրում, իսկ պետությունը՝ ավելի քան 100 միլիոն դրամի հարկային կորուստ: Բայց, դրանով հանդերձ, ԶՊՄԿ խորհրդի անդամները որևէ քայլ չեն ձեռնարկում աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար։

Փետրվարի 5-ին նաև Քաջարանի Պոչամբար թաղամասում ծեծկռտուք էր տեղի ունեցել գործադուլավորների և նրանց դեմ արտահայտվողների միջև։ Այս իրավիճակն այնքան է սրվել, որ ԶՊՄԿ-ի ռուս բարձրաստիճան անձնակազմը դիմել է իրավապահներին և կառավարությանը՝ իրավիճակը հարթելու համար, քանի որ իրավիճակն իրենց վերահսկողությունից դուրս է եկել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանք դիմել են ե՛ւ իրավապահներին, ե՛ւ գործադիրին` խնդրելով միջամտել և հարցը կարգավորել: Անգամ ՔՊ-ական պատգամավորներն են փորձել միջամտել, հանդարտեցնել աշխատակիցներին, սակայն գործադուլ հայտարարածները չեն նահանջում` պահանջելով մարդկային աշխատանքային պայմաններ։

Թերևս, երբ Նիկոլ Փաշինյանը գա Հայաստան, որպես ԶՊՄԿ Կառավարության «գլխավոր բաժնետեր»՝ Տավուշի անտառահատների օրինակով իրավապահներին կհրահանգի արյան գետեր ապահովել:

Այսինքն` հպարտ քաղաքացին ոչ միայն իրավունք չունի գործադուլ անել Փաշինյանի օրոք, այլև Կառավարության ուղղակի կառավարման ներքո գտնվող հիմնարկում արհամարհվում են աշխատակիցների օրինական շահերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Հպարտ քաղաքացին ոչ միայն իրավունք չունի գործադուլ անել Փաշինյանի օրոք, այլև արհամարհվում են աշխատակիցների օրինական շահերը