Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե ծնողը որոշակի արգելք է կիրառում, երեխան այդ վիճակից դուրս գալու ելք կարող է համարել ինքնավնաunւմը. Մասնագետ
Մանկական տրավմատիզմն այսօր 1-18 տարեկան երեխաների մահվան պատճառների կառուցվածքում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում՝ 5-րդ տեղը։ «Մանկական հոգեկան և ֆիզիկական առողջություն. տրավմատիզմ, կանխարգելում» թեմայով ասուլիսում ասաց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանն ասաց, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ պատերազմ, կորոնավիրուս, ավելացրել են մանկական և դեռահասաների տարիքի երեխաների շրջանում տագնապային խանգարումների, վախերի, դեպրեսիվ դրսևորումների դեպքերը։
«Շատ կարևոր է, որպեսզի ընտանիքում ավելի ամրապնդվի ծնողներ-երեխաներ կապը։ Ակտիվորեն չմասնակցել երեխաների կյանքին, չլսել նրանց, ակնհայտորեն կբերի խնդրահարույց անձի ձևավորում»,- ասաց մասնագետը։
Նրա խոսքով, ծնողը հաճախ ուշադրություն է դարձնում երեխայի գրանցած հաջողությունների, հետաքրքրվում է՝ դասերը պատրաստել է, հաց կերել է, այս կամ այն դասին ինչպիսի ակտիվություն է դրսևորել, անտեսելով, թե ինչ է զգում, ինչ մտահոգություն ունի, ինչու է անտրամադիր։
«Փորձելով հասկանալ երեխայի ներաշխարհը՝ կարող ենք ամուր քայլերով ուղեկից լինել դեպի մեծ կյանք, որտեղ իրենց սպասում է մեծ խնդիրներ»,- ասաց Կարինե Թաթարյանը՝ ընդգծելով, որ մասնակցելով երեխայի առողջ ձևավորմանը՝ և հոգեբանորեն, և սոցիալապես, և վերահսկելով նրա ազատ ժամանցը, ծնողն ամենևին էլ չի ընդդիմանում նրա ցանկություններին, հակառակը փորձում են աջակցել, օգնել, որպեսզի ցանկացած ձևավորված հոգեբանական խնդիր շատ ռացիոնալ լուծում ստանա հենց իր՝ երեխայի կամ դեռահասի կողմից։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանն ասաց, որ հիմնականում դեռահասության տարիքին բնորոշ է վարքագծային խանգարումները, և ծնողները պետք է իրազեկված լինեն տվյալ խնդիրների վերաբերյալ, դեռահասների հետ նրանց վերաբերմունքը պետք է լինի զգուշավոր, քանի որ նրանք ավելի զգայուն են, կատեգորիկ են։
«Եթե ծնողների կողմից որոշակի սահմանափակումներ են կատարվում, արգելք է դրվում ինչ-որ բանի վրա, պատիժ են կիրառում, այդ իրավիճակից դուրս գալու ելքը երեխան կարող է գտնել ինքնավնասման փորձեր կատարելով։ Դա կարող է պայմանավորված լինել դիմացին վախեցնելու համար, բողոքի ակցիա, ուշադրություն գրավելու միջոց»,- ասաց մասնագետը։
Նրա ներկայացմամբ, դեռահասները հիմնականում ինքնավնասման փորձեր կատարելիս կիրառում են դեղորայք, կենցաղայի քիմիական նյութեր։
Մարինե Գրիգորյանն ասաց, որ տարվա կտրվածքով 500-600 թունավորման դեպք է գրանցվում, ինչը բավականին մեծ թիվ է, մոտավորապես 25-30 դեպքերը ինքնավնասման փորձեր են։ Հիմնականում 14-17 տարեկան տարիքային խմբերին է բնորոշ ինքնավնասման փորձերը։
Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը հրավիրեց ծնողների ուշադրությունը՝ մանկության տարիքում գտնվող մարդկանց, հատկապես պատանեկան տարիքի, որն ամենազգայուն տարիքն է, երկրորդային տրավմայի չենթարկեն մեծերի կյանքում քաղաքականության, միջազգային անցուդարձերի մեջ տեղի ունեցող տրավմաների, խնդիրների պատճառով։
«Մենք պետք է զգույշ լինենք պաշտպանելու խոցելի խմբերին, հատկապես երեխաներին, պատանիներին, մեծերից շատ բան է կախված։ Երեխաները, հատկապես մինչև պատանեկան տարիք, աշխարհն ընկալում են իրենց ծնողների աչքերով։ Որքան տագնապային, զգուշավոր, կասկածամիտ են ծնողները, այդքան այդ խնդիրը նաև առաջացնում է երկրոդային տրավմաներ երեխայի կյանքում»,- նշեց նա։
Խ. Գասպարյանի ներկայացմամբ, միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների տրավմաների 64,5 տոկոսը բաժին են ընկնում ընտանիքում նրանց նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքին, կարող է լինել արհամարհանք, անտեսում, բացիթողի վիճակներ։