23 մլրդի կանխիկ շրջանառության ավելացումը կարող է պայմանավորված լինել և՛ կաշառքներով, և՛ յուրացումներով, և՛ ատկատներով.Ատոմ Մարգարյան
Տնտեսություն
11:20 13/02/2025
Հայաստան

23 մլրդի կանխիկ շրջանառության ավելացումը կարող է պայմանավորված լինել և՛ կաշառքներով, և՛ յուրացումներով, և՛ ատկատներով.Ատոմ Մարգարյան

Փետրվարի առաջին 11 օրվա ընթացքում Հայաստանում դրամի կանխիկ շրջանառությունը ավելացել է 23 մլրդ դրամով։ Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի և 2025 թվականից որոշ հարկատեսակների բարձրացման հետևանքով են շատ քաղաքացիներ և տնտեսվարողներ սկսել գործարքներ անելիս հրաժարվել անկանխիկ շրջանառությունից։ Ֆինանսական այս միտումը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանին։

«Եթե հունվարի 31-ի օրվա վերջի դրությամբ ԿԲ-ից դուրս կանխիկ գրամը եղել է 926 մլրդ, ապա փետրվարի 11-ի դրությամբ այն հասել է 949 մլրդի։ Այսինքն՝ ոչ կանխիկ շրջանառությունը շուրջ 23 մլրդ դրամով ավելացել է, ընդորում՝ դինամիկորեն։ Օրական 3-4 մլրդ դրամով, այսպես ասած, կանխիկ շրջանառությունը, այսինքն՝ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամն ավելացրել է շրջանառությունը։ Սա, իհարկե, այլևայլ գործոններով է պայմանավորված։

Հնարավոր է, որ որոշակի դեր խաղան նաև ֆիզիկական անձանց, տնային տնտեսություններին, բիզնեսին եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի  երկրորդ փուլի ներդրման որաշակի ազդակները։ Ինչու չէ, հնարավոր է նաև այս հարցում որոշակի ազդեցություն ունի շրջանառության հարկի նոր դրույքաչափերի կիրառման պրակտիկան, որը ներդրվել է։ Այդ մտահոգությունները միշտ հնչել են, այսօր էլ կան, որ այս բավականաչափ բարձրացված  դրույքներով հարկման համակարգը կարող է խնդիրներ ստեղծել ավելի քան 50 հազար փոքր ու միջին բիզնեսի, միկրոձեռնարկությունների, անհատ ձեռներեցների գործունեության համար։ Որոշակի կարծիք կա, որ նրանց մի մասը կփակվի, կամ կտեղափոխվի ստվեր։

Իհարկե, առայժմ վաղ է խոսել  ամբողջական ազդեցությունների մասին։ Սրանք ընդամենը ենթադրություններ են, բայց այն գործիքակազմը, որը կիրառվում է փոքր բիզնեսի նկատմամբ, նպատակ ունենալով ստիպել խոշորներին փաստաթղթերով աշխատել և տրամադրել, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր և լեգալացնել շրջանառությունները, կարող է և բումերանգի էֆեկտ տալ։ Ամենածայրահեղ ու, թերևս, անցանկալի տարբերակը՝ փոքր բիզնեսի մարդկանց հրաժարումն է իրենց արտադրական գործունեությունից, կամ այլընտրանքային զբաղմունքներ որոնելու ճանապարհներ ընտրելը կամ ուղղակի այդ ոլորտը լքելը։

Չի բացառվում, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդեն այս փուլում կանխիկի շրջանառության աճը պայմանավորված լինի այն պահանջներով, որոնք թերևս օբյեկտիվ բովանդակություն ունեն, հատկապես բանկային համակարգի միջոցով այնպիսի փոխանցումների համար, որոնք անօրինական վճարումներ են։ Ինչու չէ՝ դրանք կարող են լինել և՛ կաշառքներ, և՛ յուրացումներ, և՛ ատկատներ, և՛ հանցավորության ծայրահեղ դրսևորումներ ունեցող երևույթներ, մասնավորապես՝ թմրամիջոցների շրջանառության և այլ կարգի այսպիսի գործունեության տեսակներ, որոնց դեպքում մինչև 300 դրամի հատվածում վճարումները կատարում էին բանկային համակարգով։

Այն, որ այս համակարգն արդեն ներդրվել է և հարկային գերատեսչության կողմից բավականաչափ օպերատիվ դիտարկման և մոնիթորինգի տակ է՝ այո, կարող է նաև այդ կարգի գումարները և դրամական հոսքերը ուղղվեն դեպի ստվեր»,-ասաց Ատոմ Մարգարյանը։    
 

Placeholder
23 մլրդի կանխիկ շրջանառության ավելացումը կարող է պայմանավորված լինել և՛ կաշառքներով, և՛ յուրացումներով, և՛ ատկատներով.Ատոմ Մարգարյան