Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ասում են՝ եկեք ընկերություններին տուգանենք, որ աուդիտի ենթարկվեն, սա հերթական հիմարությունն է. Նաիրի Սարգսյան
ԱԺ-ն փետրվարի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը կամ նրա հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն)չտրամադրելը նախկին 50 հազար դրամի փոխարեն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազարդրամի չափով։ Այդ որոշումը երեսուն օրվա ընթացքում չկատարելն առաջացնում է 1.5 մլն դրամի չափով տուգանքի նշանակում։ Նախկինում այն 150 հազար դրամ էր։ Նոր օրենքով նաև սահմանվում է, որ երկրորդ ժամկետում էլ պահանջը չկատարելու դեպքում տուգանքը լինելու է 3 մլն դրամ։ Վերոնշյալ վարչական խստացման նպատակահարմարությունը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։
Ն. Սարգսյան-Ակնհայտ է, որ դաշտում կան խոշոր կազմակերպություններ, որոնք պետք է ենթարկվեն աուդիտի, բայց չեն ենթարկվում։ Ընդորում՝ համակերպվում են այն գաղափարի հետ, որ տուգանք կվճարեն ու կավարտեն։ Սակայն տուգանք բարձրացնելն այստեղ նպատակ է հետապնդում նրանց մղելու թափանցիկության և աուդիտի ենթարկվելու։
Եթե Հայաստանում ամեն ինչր լիներ նորմալ՝ տնտեսական դաշտը, տնտեսության իրական հատվածը, բիզնեսը, և աուդիտի հետ կապված բիզնեսն ունենար որոշակի երաշխիքներ, արտոնություններ, տարբեր խթաններ, ապա տուգանքն նույնիսկ իմաստ չէր ունենա կիրառելու, որովհետև այստեղ, այսպես, թե այնպես, բիզնեսը գնալու էր ֆինանսական աուդիտի։
Եթե աուդիտի ենթարկվածն ունի դրական եզրակացություն, օրինակ՝ օրվա իշխանությունների սիրած փաստարկի համաձայն, քաղաքակիրթ երկրների օրինակը բերեմ, որտեղ եթե դրական եզրակացություններով աուդիտ անցած է, ապա այդ ընկերությունն ունի վարկեր ներգրավելու շատ շահագրգիռ պայմաններ։ Օրինակ՝ պայմանական ներկայացնեմ Հայաստանի մակարդակով. Ֆինանսական աուդիտի դրական եզրակացություն ստանալու դեպքում մինչև 100 մլն դրամ վարկ տրամադրեն, օրինակ՝ կարող է վարկի տոկոսադրույքը 2%-ով շուկայականից ցածր լինի, կամ կարողանա երեք տարով հարկային ստուգումների չենթարկվել, քանի որ անցել է ֆինանսական աուդիտ։
Եթե այսպիսի խթանների հասնենք, ապա ընդհանրապես տուգանքն իմաստ չունի։ Տուգանքի բարձարցումն ուղիղ վկայությունն է նրա, որ փաստորեն աուդիտը որևէ մեկին պետք չէ։ Որևէ մեկը չի հետաքրքրվում՝ ֆինանսական հաշվետվությունը հրապարակվեց, թե ոչ, որովհետև ֆինանսական հաշվետվություններն ունենում են օգտագործողներ՝ նրանց սպառողները, մատակարարողները, ապրանք ձեռքբերողները, որպեսզի կարողանան պատշաճ պատկերացում ունենան կազմակերպության ֆինանսական կայունության վերաբերյալ։
Եթե այս խթանները չեն գործում, համաձայնեք, որ կազմակերպությունների համար աուդիտի ծախսը ավելորդ է։ Հիմա դրդում ենք գնան աուդիտի ենթարկվեն, փող են ծախսում, հետո՞, ի՞նչ օգուտ են դրանից ստանում կազմակերպությունները։ Հետևաբար, օրենքի փոփոխությունը, տուգանքների խստացման սահմանումն ընդամենն իմ ասածի վկայությունն է, որ, այո՝ ոչ մի բան չկա, մարդիկ շահագրգռված չեն գնան աուդիտի ենթարկվեն, եկեք տուգանենք, որ աուդիտի ենթարկվեն։ Այսինքը՝ սա հերթական հիմարությունն է։
Panorama.am-Կառավարության ներկայացուցիչը տուգանքների նման աննախադեպ բարձրացումը հիմնավորեց դաշտում աուդիտի ծառայության բարձր գներով։ Ճի՞շտ են ասում, ծառայության գները իրո՞ք բարձր են։
Ն Սարգսյան-Աուդիտի ծառայությունները թանկ են, որովհետև բարձր որակավորմամբ մասնագետներն ունեն բարձր վարձատրության կարիք։ Աուդիտորներն այն մասնագետներն են, որոնք, այսպես ասած, արտագաղթի խնդիր բացարձակ չունեն։ Այսինքն՝ երկրից երկիր տեղափոխվելու խնդիր չունեն, կարող են տեղափոխվել այլ երկրում աշխատել։ Կգնան Ղազախստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա։ Բոլոր տեղերում էլ կարող են աշխատել, հետևաբար, Հայաստանի շուկայում նրանց պետք է վարձատրել այնքան, որ, հաշվի առնելով տեղափոխման ծախսերը՝ լինի եվրապական կամ ղազախական շուկայից շատ ավելի էժան, Բայց Հայաստանում մնալն իր համար շատ ավելի շահավետ լինի։
Իսկ սակագներն արդեն ավելացված արժեքի հարկ կամ շահութահարկ վճարելն է, որն արդեն հարկային քաղաքականությունն է, որը աուդիտի սակագնի վրա շատ մեծ ազդեցություն չի կարող թողնել։ Որովհետև աուդիտի ծառայությանը սպառողն ավելացված արժեքի հարկ վճարող է, որն աուդիտի տրամադրած ավելացված արժեքի հարկի գումարը հաշվանցում է։ Այսինքն, իր համար մեծ տարբերություն չկա, թե նա աուդիտորական կազմակերպությանը վճարեց, թե պետությանը հարկ տվեց։