Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ. առաջին մեկնաբանությունները
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք տևել են 4,5 ժամ։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկացի բանակցողներ են եղել՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Ուշակովը նշել է, որ բանակցություններում խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։
«Այո, մենք քննարկել և ուրվագծել ենք մեր հիմնարար մոտեցումները և պայմանավորվել ենք, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր կկապվեն միմյանց հետ ժամանակին», -բանակցություններից հետո ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցություններում շոշափվել է ուկրաինական կարգավորման թեման։
Պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցման մասին հարցին, Ուշակովը նշել է, որ դժվար է դեռ ասել, որ դիրքորոշումները մոտենում են, սակայն այս մասին խոսակցություն է եղել Էր Ռիադում. «Առայժմ դժվար է ասել, որ դիրքորոշումները մոտենում են, բայց այդ մասին խոսակցություն է եղել։ Մենք հաշվի ենք առնելու ուրիշների շահերը և զարգացնելու ենք երկկողմ հարաբերությունները»։
ԱՄՆ Պետդեպարտամենտից բանակցությունների մասին ասել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև զանգերն ու հանդիպումները բավարար չեն «տևական խաղաղության» համար, բայց Էր Ռիադում կարևոր քայլ է կատարված դեպի առաջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ, պայմանները պետք է «ընդունելի» լինեն։
«Հակամարտությունը դադարեցնելու համար այս հակամարտության բոլոր մասնակիցները պետք է համաձայնեն պայմանների ցանկին, այն պետք է ընդունելի լինի նրանց համար»,- ասել է նա։
Ռուբիոն հավելել է, որ ուկրաինական հակամարտության կողմերից յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա բանակցությունների արդյունքում։