Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու Հայաստանում չի ներդրվում առողջության ապահովագրությունը. Անուշ Պողոսյանը ներկացրեց խնդիրները
Հայաստանում առողջության ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռ 2023 թվականից։ 2023-ը համարվում էր նախապատրաստական տարի. պետք է ստեղծվեր ապահովագրական հիմնադրամը, 2024 թվականին սոցիալապես անապահով խմբերը, 0-18 տարեկան երեխաներն ունենային ապահովագրություն, 2025-ին պետք է միացվեր թոշակառուների խումբը, մինչև 2027 թվականը, ըստ հայեցակարգի, բոլոր խմբերը։ Ասուլիսում այս հիշեցումներն անելուց հետո «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Պողոսյանն ընդգծեց, որ առ այսօր անգամ 2023 թվականին ստեղծվելիք հիմնադրամը չի ստեղծվել, և նման պայմաններում ընդհանրապես դժվար է ենթադրել, թե երբ կներդրվի առողջության ապահովագրությունը։
Ա. Պողոսյանը թվարկեց մի քանի խնդիր, չի ինչու չի կայանում ապահովագրությունը. «Օրենսդրական խնդիր. որպեսզի ապահովագրությունը ներդրվի և ճիշտ աշխատի, պետք է ունենալ 1500-2000 գործելակարգեր, չափորոշիչներ։ Հայաստանում առ այսօր ստեղծված է 300 չափորոշիչ և գործելակարգ, մենք չենք կարող ներդնել 300 գործելակարգով ապահովագություն, դրա արդյունքում չենք կարող լուծել վեճերը և այլն։
Ֆինանսական խնդիր. երբ որ նայում ենք հիմնավորումները, տեսնում ենք, որ ճիշտ հաշվարկներ կատարված չեն։
Կա նաև թվայնացման խնդիրը։
Ամենակարևոր խնդիրը՝ Հայաստանում բժշկական ծառայությունների ռեսուրսների գնահատումն է. ապահովագրության ներդրման արդյունքում շահառուների թիվը բավականին բարձրանալու է, իսկ դա ենթադրում է, որ պետք է ծառայությունների ճիշտ գույքագրում անել և գնահատել՝ արդյոք մեր բժշկական կենտրոնները, պոլիկլինիկաները պատրաստ են այդքան շահառու ընդունել։
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»։
Ա. Պողոսյանի խոսքով, անհասկանալի օպտիմալացումներ են արվում 100 տոկոս պետական ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում։
«Մենք Երևանում ականատեսը եղանք պոլիկլինիկաների օպտիմալացմանը։ Անհասականալի է, որովհետև պոլիկլինիկաներն ստեղծված են այնպես, որ մարդը ոտքով հասնի իր առողջապահական հիմնարկը։ Պոլիկլինիկաներն օպտիմալացրեցինք, մարզային և գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում են կատարում։ Այս ամենը բերելու է նրան, որ մենք չենք ունենալու համապատասխան քանակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կառույցներ, որպեսզի կարողանանք այդ ծավալի բնակիչների սպասարկենք։ Գալու է մի օր, որ բնակիչը զանգի ու ասի՝ ուզում եմ գալ իմ ԱԱՊ-ի բժշկի մոտ, ասելու են՝ քո հերթը գալու է 15 օր հետո»,- ասաց «Առողջության իրավունք» ՀԿ ղեկավարը։
Ա. Պողոսյանը կոչ արեց առողջապահության նախարարին կանգ առնել, հետ նայել, հասկանալ, որ վերջին 3 տարում քանի բարեփոխում է ուզել անել ու չի ստացվել. «Պետք է փոխել այն թիմը, ում հետ չի ստացվում իրականացնել բարեփոխումները։ Չի ստացվել առողջության ապահովագրության, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, պոլիկլինիկաներում աշխատաժամերի հետ կապված բարեփոխումները, հերթագրումները, պատվաստումները։ Պետք է կանգ առնել, հասկանալ, թե ինչու է այդպես ու նոր անցնել առաջ»։
Մանրամասն՝ տեսանյութում։