Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» -ը՝ վանաձորյան բեմում. «Ուզում եմ մարդկանց հիշեցնել բարության մասին»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 13-ին և 14-ին կկայանա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման պրեմիերան։
Իրական պատմություն, որ երբեք չի եղել․․․ Հրաշքներ, որ ձեր շուրջն են…
Բեմադրությունը և նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի, երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի, լուսային նկարիչ` Աշոտ Գևորգյան։
Եվգենի Շվարցի պիեսը՝ «Սովորական հրաշք»-ը, ամենալիրիկականն է, նվիրված կնոջը՝ Եկատերինա Զիլբերին։ Պիեսը արտասովոր սիրո մասին է։ Հրաշագործ տանտերը կնոջ հետ սիրո մասին խոսելու համար հեքիաթ է պատմում, որի հերոսները կենդանանում են։ Արջը ժամանակավորապես մարդացել է․․․ Նա կրկին գազանի կերպարանք կընդունի այն ժամանակ, երբ սիրահարվի և համբուրի արքայադստերը։ Երբ Արջը փորձում է համբուրել նրան, վերջինս փախչում է։ Հերոսների համար «Սովորական»-ը Տանտիրոջ պատմած հեքիաթի դիպաշարն է, իսկ «Հրաշք»-ը Սերն է, որը կապում է հերոսներին։ Մոտենում է Արքայադստեր մահը։ Որսորդն ու Արջը գալիս են նրա տուն, Արջը համբուրում է Արքայադստերն ու…
Panorama.am-ի հետ զրույցում բեմադրության հեղինակ Սարգիս Մանուկյանն ասաց, որ այս գործն ընտրել է պարզ պատճառով՝ այդ հրաշքն այսօր պակասում է մեր հասարակությանը, բոլորին։
«Այդ հրաշքն իրականում հրաշք չէ, սովորական է, որովհետև մենք ենք դրա անունը դրել հրաշք ու պահել։ Ուզում եմ՝ այս ներկայացման միջոցով մարդիկ գտնեն այդ հրաշքը, այդ հրաշքի մասին ավելի երկար մտածեն, ավելի բարի դառնան։
Իրականում, իմ կարծիքով, մարդիկ բարի են, ուղղակի մոռացել են, ուզում եմ ավելի շատ հիշեցնել նրանց բարության մասին, սովորել զիջել»,- նշեց նա։
Ներկայացման նախապատրաստական աշխատանքները տևել են երեք ամիս։
«Ընդմիջումներ եղան։ Մեր դերասաններն այս ընթացքում մասնակցեցին իրանական «Ֆաջր» թատերական փառատոնին, ու բավականին հաջող մասնակցություն էր»,- ասաց Սարգիս Մանուկյանը։
Ներկայացման դեկորները նոր են պատրաստված, հագուստներ նոր են կարված։ Ս. Մանուկյանը, ով նաև նկարչական ձևավորման հեղինակն է, փորձել է մինիմալիստական ոճով սիմվոլիկ մթնոլորտ ստանալ. «Արդեն հանդիսատեսն իր խոսքը կասի»։
Բեմադրության հեղինակը հնարավոր համարեց, որ բացի վանաձորյան բեմից, «Սովորական հրաշք»-ը նաև Երևանի ու մարզերի տարբեր թատրոնների բեմերում էլ կներկայացվի։
«Կախված է որոշակի պայմաններից, խնդիրներից, բայց այդ ամենը լուծելի են։ Հույս ունենք կներկայացնենք և Երևանում, և Գյումրիում»,- ասաց Սարգիս Մանուկյանը։
