Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները
Տնտեսություն
20:27 26/02/2025
Հայաստան

Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները

Փետրվարի 25-ին Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակներում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը՝ հայտարարելով կրթաթոշակ ստացող, Բերքլիի համալսարանում կարճաժամկետ կրթական ծրագրի մասնակցության ուղեգիր և նախագծի ֆինանսավորում ստացողների անունները։

Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ուսանողների համար Ամերիաբանկի և VISA ընկերության հայտարարարած մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն ու պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։
Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանի 36 բուհերից։ Հաղթողները ստացան մրցանակներ երեք ուղղություններով՝

• 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. ուսումնական երկրորդ կիսամյակի ընթացքում:

• Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգիր:

• «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։

Հաղթողներից մեկը Հայաստանի պետական տնտեսագտական համալսարանի ուսանող Ժաննա Հարությունյանի մշակութային նախագիծն է, որը նախատեսում է ասեղնագործական 8  հայկական զարդանախշերի ստեղծման տեխնիկաների տեսագրում և պահպանում. «Ամերիաբանկի ֆինանսավորման շնորհիվ մենք մեր մշակույթի մի մեծ մաս կպահպանենք ու այլևս կորստի վտանգ չենք ունենա»։

Հաջորդ հաղթող նախագծի հեղինակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Վահագն Զաքարյան է։ Նա նախատեսում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մշակել բրալյան ստեղնաշար, որից առաջին 300-ը անհատույց նվիրվելու է շահառուներին։
Հայաստանի ագրարային համալսարանի ուսանող Վոլոդյա Թորոսյանն էլ ներկայացրել էր նախագիծ, որով կբարձրացվի գյուղատնտեսության արդյունավետությունը՝ հողի որակի լաբորատոր ուսումնասիրությունների և ըստ այդմ նրա վրա նախընտրելի մշակաբույսի աճեցման խորհրդատվությամբ։

Նախագծերը գնահատել է անկախ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին ՀԱՀ դասախոս Ռուբեն Մալայանը, իրավաբան, նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյեանը, «ՄերակիՓալ» ընկերության հիմնադիր, կազմակերպական զարգացման քոուչ Արմինե Մկրտչյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար SPRING PR ընկերության համահիմնադիր նախագահ Նվարդ Մելքոնյանը, VIZA -ի Բիզնեսի զարգացման մենեջեր Անի Ալեբյանը, Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմեն Ղազարյանը և Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

«Մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ մենք ցանկանում ենք Հայաստանում գտնել նախաձեռնողականություն և առաջ գնալու ցանկություն ունեցող երիտասարդներին։ Մենք գիտենք, որ մեր երկրի ապագան, մեր հաջողությունն առաջին հերթին կախված է երիտասարդությունից։ Դա էր պատճառը, որ նախագիծն հենց այդպես էլ անվանեցինք՝ «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Մենք գիտեինք, որ պետք է անպայման խրախուսենք այն երիտասարդներին, ովքեր ջանք են գործադրում կրթական հաստատություններում և իսկապես լավ արդյունք են գրանցում»,- ասաց Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրենն ու հավելեց, որ Բերքլիի համալսարանում ուսանողները կմասնակցեն ինովացիոն ծրագրի, որի ժամանակ ամերիկյան Սիլիկոնյան հովտի լավագույն ձեռներեցները թե կիսվելու են իրենց  հաջողության պատմություններով, և թե պատմելու են՝ ինչպես են հասել իրենց երազանքներին։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանն էլ նշեց. «Շատ հետաքրքիր էր տեսնել, որ վերջին փուլ անցած 12 նախագիծ միայն էկոլոգիային էր վերաբերում, 7 նախագիծ ՝ գյուղական համայնքների զարգացմանը, 6 նախագիծ կրթությանը, այսինք տեսեք՝ ինչքան բազմաբնույթ են այդ մոտեցումները,  ու դու արդեն տեսնում ես, թե ինչով է ապրում այսօրվա երիտասարդը և ի՞նչ կուզենա, որ լինի և ընթանա այլ կերպ: Իրականում սա շատ կարևոր է, որ երիտասարդին ներգրավես, ներառես և մասնակիցը դարձնես քո երկրի համար կարևոր փոփոխություններին»:

Դեպի Բերքլիի համալսարան ուղեգիր շահած երիտասարդներն էլ վստահեցնում են՝ Ամերիաբանկի այս նախագիծը հիանանալի հնարավորություն է նոր գիտելիքներ ստանալու, զարգանալու և դրանք հայրենիքում կիրառելու տեսակետից:

«Մենք գնահատել ենք փաստացի միայն գաղափարը՝ առանց տեսնելու, թե ով է իրականացնողը, ինչ հմտություններ ունի, ինչ կարող է անել․ մեր գնահատածը գաղափարն էր: Մենք մեր ուսանող տարիներին չենք ունեցել այն հնարավորությունները, որոնք  հիմա իրենք ունեն, մենք չենք ունեցել Ամերիաբանկ, որը մեզ կարող էր ուղարկել Բերքլիի համալսարան սովորելու: Երևի թե այս պահին ամենակարևոր ներդրումը, որ հնարավոր է անել Հայաստանում երիտասարդների համար, դա նրանց կրթելն է»,- ասաց «ՄերակիՓալ» ընկերության հիմնադիրը Արմինե Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ 2024 թվականին Ամերիաբանկը «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակներում մեկնարկեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, ԻՄ տուն» և Իմ Հայաստան, Իմ ապագա» խորագրերով։ Նախագծի նպատակն է Միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ և միասին բարելավել կյանքի որակը։

Placeholder
Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները