Մահ գեղեցկության փոխարեն. Անուշ Պողոսյան
Առողջություն
23:03 26/02/2025
Հայաստան

Մահ գեղեցկության փոխարեն. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Հերթական մահվան դեպքը պլաստիկ վիրահատության հետևանքով։

Ըստ հավաստի աղբյուրների, սույն տարվա փետրվարին Ուիգմոր բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական   մահվան դեպք:
 

Մ.Մ.-ն ընդունվել է Ուիգմոր փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում:  Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել:

Մ.Մ.-ին Ուիգմորում կատարել են  սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս  մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:

Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Այսպիսով,  հերթական անգամ  հայաստանյան առողջապահությունում կինը գեղեցիկ և ֆիզիկապես կատարյալ լինելու նպատակով  դիմում է բժշկական կենտրոն և այլևս տուն չի վերադառնում: Արձանագրվում է մահ:

Արդյո՞ք տիկնոջ նախավիրահատական նախապատրաստումը լիարժեք է կատարվել,

Արդյո՞ք  բժշկական սխալի պատճառով չի այս  մահը:

Արդյո՞ք հետվիրահատական շրջանում բժշկական անձնակազմի կողմից  բավարար ուշադրություն է դարձվել հիվանդին և ճիշտ է գնահատվել վիճակի ծանրությունը:

Հուսով ենք, որ վերոգրյալ  և հարակից այլ հարցերի պատասխանը կտրվի իրավապահ մարնինների կողմից:

ՀՀ առողջապահության նախարարություն
  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am
 

Ակնկալում ենք Ձեր կողմից բազմակողմանի ուսումնասիրություն և արդյունքների վերաբերյալ հանրային պարզաբանումներ:

Հ.Գ. Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ ն հետևողական  արձանագրելու է այս դեպքի հետ կապված բոլոր զարգացումներն և գործելու,  բարձրաձայնելու է ըստ անհրաժեշտության:

«Առողջության իրավունք» ԻՀԿ-ի խորհուրդ»։

Placeholder
Մահ գեղեցկության փոխարեն. Անուշ Պողոսյան