Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սփյուռքը մերժել է և մերժում է Հայաստանի գործող իշխանություններին. Գևորգ Ղուկասյան
«Հայ Դատի համակարգը չի կիսում Հայաստանի իշխանությունների մոտեցումները, ըստ որի Հայաստանը չունի լիազորություն զբաղվելու այն հիմնախնդիրներով, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են Հայ դատը և Սփյուռքը»,- ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Նա նշեց, որ Հայ Դատը իր քաղաքական առաջնահերթությունները չի պայմանավորում ՀՀ իշխանությունների քաղաքական առաջնահերթություններով, որոնք անցողիկ երևույթ են, իսկ գոնե Դաշնակցությունն այս տարի տոնում է իր 135-ամյակը, իսկ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջազգային ցանցը 80-ամյակը։
«Այս ամբողջ ընթացքում Հայ դատի հանձնախմբերի քաղաքական առաջնահերթությունները պայմանավորված են եղել այն իրավիճակով, որում հայ ժողովուրդը գտնվել է և հայկական պետականությունները գտնվել են։
Բնականաբար, 2023 թվականի էթնիկ զտման ցեղասպանական գործողություններից հետո Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների մոտ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների վերաճշգրտումներ, և դրանք հիմա ներկայումս հանգում են հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին, արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը, Ղարաբաղյան հիմնախնդիրն անընդհատ միջազգային հարաբերություններում քննարկման օրակարգի վրա պահելուն և այլն»,- ասաց Գ.Ղուկասյանը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանությունների անգործությունը, այո, խանգարում է Հայ դատի հանձնախմբերին և գրասենյակներին իրենց աշխատանքներում. «Մենք չենք տեսնում այսօր միջազգային որևէ հարթակում արցախահայրության իրավունքների մասին բարձրաձայնում։ Կան տեղեր, որ նույնիսկ նախաձեռնությունները լինում են մեր միջազգային գործընկերների կողմից, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել»։
Հարցին՝ վտանգ չե՞ն տեսնում, որ ապագայում հնարավոր ինչ-որ պահի կարգելվի Հայ դատի գործունեությունը, Գ.Ղուկասյանն ասաց. «Հայաստանի իշխանությունները չեն կարող արգելափակել Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաշխարհային ցանցի գործունեությունը, ուղղակի չեն կարող դրա հնարավորությունները չունեն»:
Գ.Ղուկասյանի խոսքով, սփյուռքը ջլատելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը խիստ բացասական է, հակահայ է իր էությամբ, բայց այդ քաղաքականությունն իր սպասված արդյունքը չի տվել, այն արդյունքը, որը իշխանություններն են սպասում։
«Եթե դուք հետևեք վարչապետի տարբեր այցելություններին, կտեսնեք, որ այնտեղ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ չեն մասնակցում, իսկ մասնակցելուց հետո բավական կոշտ դիրքորոշումներով են հանդես գալիս:
Այսինքն, Սփյուռքը որպես կազմակերպական միավոր, որպես քաղաքական միավոր. ըստ էության. մերժել է և մերժում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին»,- նշեց նա։