«Հրապարակ». Փաշինյանն իր խորհրդականների մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում
Օրվա մամուլ
09:02 26/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանն իր խորհրդականների մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հնուց ի վեր Հայաստանում ընդունված էր, որ բարձրաստիճան պաշտոնյային գործից ազատում էին, մի տեղ խորհրդական կամ օգնական էին նշանակում, որ պետությունից բարձր աշխատավարձ ստանա։ Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը՝ յուրայիններից ում պաշտոնանկ է անում, անգործ չթողելու, չնեղացնելու, ընդդիմության շարքերը չհամալրելու համար, իրեն խորհրդական ու օգնական է կարգում։ Ասում են՝ նրանց մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում և տեսնում է դեպքից դեպք։

Նիկոլ Փաշինյանն ունի երկու գլխավոր խորհրդական՝ նախկին նախարար Արտակ Քամալյանը, նախկին մարզպետ և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Մյուս խորհրդականներն են Լոռվա նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Սերժ Սարգսյանի ժամանակ Իրանում նախկին դեսպան Արտաշես Թումանյանը, և մեկ հասարակական հիմունքներով խորհրդական՝ կենսագրություն չունեցող Սուրեն Մաղաքյանը, որի միակ պաշտոնը ինչ որ անհայտ «Լիարժեք կյանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնն է եղել։

Փաշինյանը նաև 4 օգնական ունի՝ ազգությամբ ասորի Արսեն Միխայելովը, բժիշկ-ատամնաբույժ Գագիկ Իսախանյանը, նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը, «ԱլիքՄեդիա» լրատվականի միջազգային լուրերի թարգմանիչ Կարինե Դավոյանը։ Փաստացի Փաշինյանն ունի 5 խորհրդական և 4 օգնական։ Չենք կարող չհիշատակել նաև վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ով ՔՊ-ական պատգամավոր էր, հետո նշանակվեց Շիրակի մարզպետ, ապա Փաշինյանի օգնական, իսկ այժմ մամուլի խոսնակ։ Բաղդասարյանը տարբերվում է բոլոր վարչապետների բոլոր նախորդ խոսնակներից նրանով, որ չի շփվում լրագրողների հետ, չի պատասխանում նրանց զանգերին, բայց ուղեկցում է վարչապետին ամենուրեք և անգամ պաշտոնական կարևոր հանդիպումներին է մասնակցում, բայց ոչ ոք չգիտի, թե նա ինչ դեր է խաղում մեր իրականությունում։
 
Այս բոլոր մարդիկ, հիշեցնենք, ստանում են ահռելի աշխատավարձեր՝ ոչինչ չանելու դիմաց, պարզապես Նիկոլ Փաշինյանը նրանց թույլ է տվել պետական բյուջեի հաշվին լավ ապրել։ Պարզ չէ, թե նրանք ինչ խորհուրդներ են տալիս վարչապետին, ինչում են նրան օգնում, եթե նա այսքան սխալներ է անում, շատ հարցերում սխալ է կողմնորոշվում և իր որևէ սխալ չի ընդունում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանն իր խորհրդականների մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում