Կարող է վաղը որոշում ընդունեն, որ իրավունք չունենք նայել դեպի Ղարաբաղ, շատ ծանր վիճակ է. Համլետ Պետրոսյան
Քաղաքական
15:05 27/02/2025
Հայաստան

Կարող է վաղը որոշում ընդունեն, որ իրավունք չունենք նայել դեպի Ղարաբաղ, շատ ծանր վիճակ է. Համլետ Պետրոսյան

«Կա ռեալ քաղաքականություն, որը որպես կանոն օգտագործում է  պատմական փաստերն այնպես, ինչպես այդ պահին իրեն դա օգտակար կամ ձեռնտու է, և դա հատկապես զգալի է այսօրվա մեր ոչ բարի հարևանների վերաբերմունքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Tigranakert.org և monumentwatch.org կայքերի գիտական ղեկավար, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա նշեց, որ պետք է շարունակել աշխատել և ամեն պահի ի ցույց դնել՝ Արցախը հայկական է։

«Ուղղակի ցավալի է, որ այսքան բաներից հետո այդ ամենը հիմնականում հասարակական կազմակերպությունների, առանձին անհատների  ուսերին է։

Մի տեսակ երազանք է դարձել ազգային ռեսուրսների կենտրոնացումը, միասնական քաղաքականությունը, մինչդեռ դա պետք է լինի Հայաստանի մշակութային քաղաքականության, ընդհանրապես քաղաքականության մի զգալի բաղկացուցիչը»,- ասաց պրոֆեսորը։

Հ.Պետրոսյանի խոսքով, այս դեպքում խոսք է գնում ոչ թե տարածքների, քաղաքական մոտեցումների, այլ խոսք է գնում ժառանգության մասին։

«Ադրբեջանը օկուպացրել է ամբողջ Արցախը։  Հասկանալի է։ Բայց ի՞նչ, մենք պետք է ասենք Գանձասարն ադրբեջանակա՞ն է կամ աղվանակա՞ն է։

Լինել պարտված՝ ամենևին չի նշանակում հրաժարվել քո ունեցվածքից, սեփական ժառանգությունից, իսկ այսօր իրավիճակն այնպիսին է, որ, կարծեք թե, այդ ամենը միավորվում է, դառնում է քաղաքականության մի կետ, որն անընդհատ զիջումներն են։

Բոլոր ասպարեզներում են զիջումները, ինձ համար ցավալին այն է, որ մշակույթը  նույնպես ներառվել է այդ զիջման քարտերի մեջ»,- ասաց հնագետը։

Պրոֆեսորի  ներկայացմամբ, Ադրբեջանը մշակում, վարում է բազմաբևեռ, բազմասալք, ճկուն քաղաքականություն, մենք՝ ոչ։

Panorama.am-ի դիտարկմանը, որ Հայաստանն այդ քաղաքականությանը հակադրվում է կոնկրետ անհատների աշխատանքով, նա ասաց. «Այո։ Դա էլ բարդ է։ Մենք չենք կարող որդեգրել Ադրբեջանի պրոպագանդայի ձևը։ Մենք հետազոտողներ ենք, ես չեմ կարող ինձ թույլ տալ վիրավորական խոսքեր Ադրբեջանի, ադրբեջանական ժողովրդի  հասցեին։ Դա պետք է այլ կազմակերպություն անի, ինչպես, օրինակ, Ադրբեջանի հեռուստատեսությունն է անում։ Իրենք հեռուստատեսությամբ հաղորդում են անում, մենք, օրինակ, monumentwatch.org կայքում կես էջանոց ահազանգ ենք հնչեցնում։ Դա է մեր հնարավորությունը»։

Դիտարկմանը, փաստորեն, մեզ մնում է Հայաստանից ուղղակի նայել՝ ինչպես են ադրբեջանցիները ոչնչացնում Արցախի պատմամշակութային ժառանգությունը, Համլետ Պետրոսյանն ասաց. «Վախենում եմ, թե մեզ հնարավորություն չտան նաև դիտելու։ Չգիտեմ։ Կարող է վաղը որոշում ընդունեն, որ մենք իրավունք չունենք նայել դեպի Ղարաբաղ։ Շատ ծանր վիճակ է, ուղղակի անում ենք, որովհետև՝ բա ինչ աենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Կարող է վաղը որոշում ընդունեն, որ իրավունք չունենք նայել դեպի Ղարաբաղ, շատ ծանր վիճակ է. Համլետ Պետրոսյան