Ըստ Նիկոլ Փաշինյանի 2018 թ.-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 203 հազար աշխատատեղ, որը  սակայն չի ազդել աղքատության բարձր մակարդակի վրա
Տնտեսություն
11:39 27/02/2025
Հայաստան

Ըստ Նիկոլ Փաշինյանի 2018 թ.-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 203 հազար աշխատատեղ, որը սակայն չի ազդել աղքատության բարձր մակարդակի վրա

«Զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ, որում ներառելու նպատակով եղել են ավելի շատ առաջարկներ, բայց զեկույցը մշակելիս փորձել ենք փաստերն ու ձեռքբերումները ներառել ըստ էականության՝ պահպանելով ծավալային համաչափությունը»,-կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։

«Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ, ինչպես նաև 2024 թվականի սոցիալ-տնտեսական և միջազգային կազմակերպությունների ներկայացրած վիճակագրությունը»,-ասաց Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց 2024 թվականի վիճակագրական տվյալներն, ըստ որի,  2024 թվականին արձանագրվել է 5.9 % տնտեսական աճ և նախորդ տարիներին (ուկրաինական ճգնաժամով ապահովված) երկնիշ տնտեսական աճերի հետ համադրելով և միջին թվաբանականը դուրս բերելով, վստահեցրեց, թե կռավարությունը ապահովում է իր խոստումը և տարեկան միջին 7 % տնտեսկան աճ է ապահովում։

«2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ, որը որպես բացարձակ թիվ և տոկոսային աճ շատ էական է»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ 2025 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ունեն 41 հազարով ավել աշխատատեղ։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե 2018 թվականից ի վեր միջին աշխատավարձը 40 %-ով ավել է եղել, քան գնաճը։

Սակայն նա շրջանցեց և չխոսեց աղքատության ցուցանիշի մասին, որը 2018 թվականի համեմատ նվազել է ընդամենը 2-3 %-ով, այն էլ՝ աղքատության գնահատման նոր մեթոդաբանությունը կիրառելուց հետո և անհասկանալի է մնում, թե մի քանի տասնյակ տոկոսներով աշխատավարձերի թվի ավելացումն ինչու չի բերել քաղաքացիների բարեկեցության ավելացման և աղքատության բարձր մակարդակի կրճատման։

Հիշեցնենք, որ «հեղափոխությունից» հետո աղքատության մակարդակը 23.5%-ից բարձրացավ մինչև 26.4%, որից հետո, կրկին ուկրաինական պատերազմի արդյունքում, որոշակիորեն կրճատվեց։

ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հանգամանալից անդրադարձավ միջին աշխատավարձի բարձրացմանը, նրբորեն շրջանցելով փաստը, որ միջին աշխատավարձը բարձրացել է հիմնականում ՏՏ և բանկային ոլորտում աշխատավարձերի էական բարձացման հաշվին, իսկ միջին և ցած եկամուտ ունեցողների մոտ 60 % աշխատավարձի աճ չի գրանցվել, ինչով էլ պայմանավորված է աղքատության ներկայիս բարձր մակարդակը։
 

Placeholder
Ըստ Նիկոլ Փաշինյանի 2018 թ.-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 203 հազար աշխատատեղ, որը սակայն չի ազդել աղքատության բարձր մակարդակի վրա