Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրին
Կրթություն, գիտություն
11:01 27/02/2025
Տարածաշրջան

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրին

Կառավարությունն այսօրվա չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին ք. Մոսկվայում:


Համաձայնագրին կից հիմնավորման մեջ նշվում է, որ այն վավերացնելու նպատակահարմարությունը պայմանավորված է Ռուս-Հայկական համալսարանի  կառավարման, կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաև գործընթացները Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխանեցնելու ձգտումով:

«Համաձայնագրում առավել հստակ ձևակերպված են Համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ռեկտորն ընտրվում է Կառավարման խորհրդի կողմից Կանոնադրությանը համապատասխան և պաշտոնում հաստատվում է Լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել Ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։ Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Ռեկտորի և որպես գործատու հանդես եկող ու Համալսարանի Հիմնադիրների անունից գործող Հայկական Կողմից Լիազորված մարմնի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:

Որպես Լիազորված մարմիններ հանդես են գալիս հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ ռուսաստանյան կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը: 

Համաձայնագրով առավել հստակ ձևակերպված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դերի և ազդեցության ուժեղացում համաշխարհային հումանիտար և գիտա-տեխնիկական ոլորտներում, Կողմերի պետությունների դրական իմիջի փոխադարձ ամրապնդում, ընդհանուր մշակութային, կրթական և գիտական տարածքի ամրապնդումը:
Հստակ ձևակերպված են նաև Համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները՝ մասնավորապես. Համալսարան ընդունվելու իրավունքից օգտվում են կրթության համապատասխան մակարդակ ունեցող Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, այլ պետությունների քաղաքացիները»,-ասվում է հիմնավորման մեջ։

Placeholder
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրին