Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր. Վահե Հովհաննիսյան
Տնտեսություն
12:25 27/02/2025
Հայաստան

Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր. Վահե Հովհաննիսյան

«Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր, որոնք մեծամասամբ կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության և կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ»,-կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծին:

Նախարարը զեկուցեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նրա խոսքով կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր:

«Նշված ռիսկերին պատշաճ չարձագանքելը նույնպես բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը նոր թողարկված կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելով, իսկ ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները»,- ասաց Հովհաննիսյանը:


Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի հիմնական նպատակներն են Հայաստանի կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար և թափանցիկ գործունեության ապահովումը և կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:


Հովհաննիսյանն ասաց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում  ԿԲ-ն հնարավորություն կունենա ստանալու տեղեկատվություն՝ ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ, պատշաճ կերպով կարձագանքի փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը ու այլ ռիսկերին։


«Պետք է միանգամից ասեմ, որ այս կարգավորումը չի լինելու կատարյալ ու այսքան տարի այդ կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ բա որ չլինի կատարյալ»,-իր կողմից հավելեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Այն, ինչ հիմա կա, ուղղակի սարսափելի է, ուղղակի անընդունելի է, դա անհամատեղելի է պետության հետ»։

Placeholder
Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր. Վահե Հովհաննիսյան