Սկանդալային հրապարակային հանդիպում Թրամփի և Զելենսկու միջև. ԱՄՆ նախագահը Զելենսկուն խնդրել է լքել Սպիտակ տունը
Քաղաքական
23:00 28/02/2025
Աշխարհ

Սկանդալային հրապարակային հանդիպում Թրամփի և Զելենսկու միջև. ԱՄՆ նախագահը Զելենսկուն խնդրել է լքել Սպիտակ տունը

Այսօր Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփի,Վենսի և Զելենսկիի միջև աննախադեպ, թեժ բանավեճ է տեղի ունեցել՝ տեղ-տեղ միմյանց նախատելով ու ձայն բարձրացնելով։

Թրամփը հորդորել է շնորհակալ լինել հատկացված օգնության համար՝ ասելով «Արդեն բավականին շատ խոսեցիք»:

Ըստ Reuters-ի՝ Թրամփը Զելենսկիին մեղադրել է անհարգալից մեկնաբանությունների մեջ և նրան երախտապարտ լինելու կոչ է արել։

«Դուք կամ գործարք եք կնքում, կամ մենք դուրս ենք գալիս դրանից: Հաղթաթուղթ չունեք, կադրերի պակաս ունեք, հետո մեզ ասում եք՝ «Զինադադարի պայմանագիր չեմ ուզում։ Դուք պետք է շնորհակալ լինեք:

Առանց մեզ, դուք ձեր ձեռքին խաղաքարտեր չունեք այս խաղը խաղալու համար»,-ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ նշել է Թրամփը։

«Եկեք և ձեր աչքով տեսեք (կա՞ն հաղթաթղթեր- խմբ.)»,- պատասխանել է Զելենսկին։ Նա հավելել է նաև՝ «Ես չեմ եկել այստեղ թղթախաղ խաղալու»։

Ուկրաինայի նախագահը Պուտինին «մարդասպան» է անվանել և Թրամփին ասել է, որ «մարդասպանի հետ ոչ մի փոխզիջում չպետք է լինի»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ մի քանի օր առաջ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, և որ ՌԴ նախագահը ցանկանում է գործարք կնքել։

Ուկրաինայի նախագահը վիճել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը սկսել է խոսել դիվանագիտության կարևորության մասին։

«Ես արդեն պայմանագիր եմ ստորագրել Պուտինի հետ՝ Մակրոնի և Մերկելի ներկայությամբ։ Ի՞նչ դիվանագիտության մասին է խոսքը», - ըստ BBC-ի՝ պատասխանել է Զելենսկին:  

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը էլ կշտամբել է Զելենսկուն՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
Թրամփն ասել է. «Ինչ անում եք, շատ անհարգալից է այս երկրի հանդեպ»։

Փոխնախագահ Վենսը հավելել է «Մի անգամ ասե՞լ եք՝ շնորհակալություն», ինչին Զելենսկին արձագանքել է. «Ես մեծ հարգանք ունեմ։ Բազմիցս եմ շնորհակալ եղել»։

Սպիտակ տանը նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։

Ուկրաինայի հազվագյուտ մետաղների ամերիկյան շահագործման համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է։

Սպիտակ տանը տեղի ունեցած հրապարակային վիճաբանությունից հետո Թրամփը Զելենսկիին խնդրել է հեռանալ։
Հանդիպումից հետո Թրամփը սոցիալական իր էջում գրել է. «Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»։

Placeholder
Սկանդալային հրապարակային հանդիպում Թրամփի և Զելենսկու միջև. ԱՄՆ նախագահը Զելենսկուն խնդրել է լքել Սպիտակ տունը