Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չինական մարսագնացը Մարսի վրա հնագույն օվկիանոսների առկայության ապացույցներ է գտել
Չինական «Zhurong» մարսագնացը Մարսի միջին և ցածր լայնություններում հայտնաբերել է հնագույն օվկիանոսների ստորգետնյա ապացույցներ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինացի գիտնականները, օգտագործելով «Zhurong» մարսագնացով հավաքագրված տվյալները, պարզել են, որ Մարսի հյուսիսային կիսագնդի Ուտոպիա հարթավայրի հարավային մասում մարսագնացի վայրէջքի վայրը «10-35 մետր խորության վրա ունի բազմաշերտ թեքված նստվածքային կառուցվածքներ»:
«Այս երկրաբանական առանձնահատկությունները շատ նման են Երկրի ափամերձ նստվածքներին և հանդիսանում են մինչ օրս Մարսի միջին և ցածր լայնությունների վրա հնագույն օվկիանոսների գոյության ամենաուղիղ ստորգետնյա ապացույցները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ նոր տվյալները ոչ միայն հիմնական ստորգետնյա ապացույցներ են տալիս Մարսի հյուսիսային հարթավայրերում հնագույն օվկիանոսի գոյության մասին, այլ նաև ցույց են տալիս, որ Մարսը ժամանակին ունեցել է տաք և խոնավ կլիմայի երկար ժամանակաշրջան, ինչը նշանակում է, որ «Մարսը ուներ համապատասխան ջերմաստիճանի և օդի ճնշման պայմաններ, որոնք երկար ժամանակ հարմար էին հեղուկ ջրի գոյության համար»:
Այսպիսով, հայտնագործության ամենամեծ նշանակությունն այն է, որ այն ընդլայնում է Մարսի վրա միջին և ցածր լայնության շրջաններում հեղուկ ջրի առկայության ապացույցը, «որոնք ավելի հարմար են մարդու գործունեության համար՝ հաստատելով, որ Մարսը ժամանակին բնակելի է եղել»: