Արմավիրում թալանել են «Ազնավուր» հիմնադրամը
Իրավունք
14:56 01/03/2025
Հայաստան

Արմավիրում թալանել են «Ազնավուր» հիմնադրամը

Սարսափելի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, փետրվարի 25-ին Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող` «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Ս․-ն հայտնել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնական դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 9/50 հասցեում գտնվող, «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողացել սյուների վրա տեղադրված թվով 4 հատ տեսանկարահանող սարքեր, իսկ արտադրամասի պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել մեկ հատ համակարգչի էկրան, մեկ հատ ստեղնաշար և մեկ հատ հիշողության սարք (DVR):

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով Ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Placeholder
Արմավիրում թալանել են «Ազնավուր» հիմնադրամը