Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Shame on you. Ի պատասխան Ամուլսարի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան Great news-ի
«Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»,-գրել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում՝ կիսելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված նորությամբ։
Հետո նա հեռացրել է գրառումը։
Իսկ դեսպանատունը «հրաշալի լուր» էր հայտնել՝ ողջունելով «Լիդիան»-ի ու Հայաստանի միջև համաձայնությունը Ամուլսարի շահագործման հսկայածավալ ծրագրի վերագործարկման վերաբերյալ։

Դեսպանատունը նշել էր, որ դա նշանակում է միլիոնավոր ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ, որը կստեղծի աշխատատեղեր և կբերի բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։
«Հրաշալի» լուրին ի պատասխան հայաստանցի օգտատերերը՝ այդ թվում էկոակտիվիստներ, հանրային գործիչներ ամոթանք են տվել դեսպանատանը։ Նրանք հիշեցրել են հանքի շահագործման հնարավոր վտանգների մասին, նշել, որ տարիներ շարունակ հանքի շրջակա գյուղերի բնակիչները պայքարել են, որ Ամուլսարը սար մնա։
«էս լուրջ ե՞ք գրել»,-արձագանքել է «Բնապահպանական ճակատ» նախաձեռնությանհիմնադիր Լևոն Գալստյանը։
«Ամերիկան չի խառնվում ուրիշ երկրների գործերին, միայն թունավորելու գործերին է խառնվում»,-նշել է ««Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար
Գարեգին Միսկարյանը։
«Փաստորեն դուք թքած ունեք անգամ Հայաստանի դատարանների վճիռների վրա, կարևորը փող քերելն է ու ընդերքը թալանելը»,-նշել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանն ու հրապարակել դատարանի որոշման վերաբերյալ հրապարակման հղումը։
«Անընդունելի է նման մոտեցումը, երբ համայնքը հանրությունը բազմաթիվ անկախ փորձագետներ իրենց հիմնավորված անհամաձայնությունն են հայտնել այս հանքի շահագործման վերաբերյալ: Փաստորեն բոլոր չափանիշներով բռնապետության զոհ ենք»,-նշել է բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Տասն անգամ գրեցի-ջնջեցի, ոչ մի հատը ցենզուրայի սահմաններում չստացվեց ...
գոնե մի կերպ ցնծությունը զսպեիք ...մյուս կողմից էլ, եթե դիմացինը բոլորին զիջող, անողնաշար, անթասիբ, անլեզու հայվան ա, ինչից ելնելով «ձեր փայ բաժինը» չպետք ա ստանայիք»,-այսպես է արձագանքել իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Shame on you, ամոթ ձեզ, Big shame»,-շատ քաղաքացիներ էլ դեսպանատան ուղղված ամոթանքի ու հրճվանքը զսպելու խոսքեր են ուղղել։
«ԱՄՆ-ի կողմից մեծ սխալ է աջակցել նման վնասակար, Հայաստանի համար աղետաբեր ծրագրի իրագործմանը։ Կարծում եմ ողջ ԱՄՆ-ի հայկական համայնքը, սփյուռքի հայերը պիտի իրենց բողոքի ու զայրույթի ձայնը բարձրացնեն այս ազգակործան, հայասպան ծրագրի դեմ, որը ոչ մի շահով, ոչ մի եկամտաբերությամբ չի կարելի արդարացնել։ Սա ապագա մի քանի սերունդների սպանդի ծրագիր է, որ առհավետ կմնա ծանրացած ամերիկյան ժողովրդի և ներկայիս պետական գործիչների խղճին ու հիշողություններում։ Եկեք կանխենք վերահաս աղետը»,-գրել է մեկ այլ օգտատեր։
«Ամուլսարը ոչ Ձեր սեփականությունն է, ոչ էլ որևէ իշխանության,առավելևս ներկայիս խամաճիկ իշխանության,այն հայ ազգի ու հայ սերունդների սեփականությունն է, և Դուք իրավունք չունեք անտեսելու հայ ժողովրդի մեծամասնության դիրքորոշումը այս հարցում,հեռու մնացեք մեր սեփականությունից,թույլ չենք տա ծրագրի իրականացումը։
Ամուլսարը սար է մնալու»,-նշել է մեկ այլ օգտատեր։
«Ինչպե՞ս կարելի է խոսել տեղի ժողովրդավարության մասին, երբ համայնքի բնակիչների ձայնը չի լսվում, նրանց կարծիքը հաշվի չի առնվում, և կարևոր որոշումները կայացվում են առանց իրական հանրային քննարկման և մասնակցության։ Ժողովրդավարական գործընթացների հիմքում ընկած է քաղաքացիների ներգրավվածությունն ու նրանց շահերի պաշտպանությունը, սակայն երբ այդ սկզբունքը խախտվում է, տեղի ժողովրդավարությունը վերածվում է ձևականության՝ զրկվելով իր բուն առաքելությունից»,-նշել է «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը։