Օջալանի պատմական կոչից հետո PKK-ն հրադադար է հայտարարել․ ի՞նչ է սպասվում առաջիկայում
Քաղաքական
18:58 03/03/2025
Տարածաշրջան

Օջալանի պատմական կոչից հետո PKK-ն հրադադար է հայտարարել․ ի՞նչ է սպասվում առաջիկայում

Փետրվարի 27-ին հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։  Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա իր կուսակիցներին և կողմնակիցներին զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչ է արել։

Օջալանի հայտարարությունը ընթերցել է վերջինիս հետ բանտում հանդիպած Թուրքիայում  քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատվիրակությունը:  Նշենք, որ Աբդուլլահ Օջալանը  1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։

Նա մասնավորապես ասել է․«Բոլոր զինված խմբավորումները պետք է վայր դնեն իրենց զենքերը, իսկ PKK-ն պետք է ինքնալուծարվի»։

Օջալանը նշել է, որ «պատմական» պատասխանատվություն է ստանձնում  իր կոչի համար։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիին՝ խաղաղության հասնելու գործում աջակցության, իսկ մյուս կուսակցություններին՝ նրա հիշյալ կոչին դրական արձագանքելու համար։

«Ինչպես կամավոր կաներ յուրաքանչյուր ժամանակակից հասարակություն և կուսակցություն, որը բռնի դադարեցված չէ, հրավիրեք ձեր համագումարը և որոշում կայացրեք պետության և հասարակության հետ ինտեգրվելու համար. Բոլոր խմբավորումները պետք է վայր դնեն զենքերը, իսկ PKK-ն պետք է ինքնալուծարվի»,-ասվում է Օջալանի հայտարարության մեջ։


Աբդուլլահ Օջալանի պահանջին արձագանքել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործադիր կոմիտեն, նշելով, որ միանում են վերջինիս կոչին և կիրականացնեն այն ինչ անհրաժեշտ է։

Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է․ «Ակնհայտ է, որ այս կոչով Քուրդիստանում և Մերձավոր Արևելքում պատմական նոր գործընթաց է սկսվել։ Սա նաև մեծ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում ազատ կյանքի և ժողովրդավարական կառավարման զարգացման վրա: Այս հիմքով պատասխանատվությունը բոլորիս վրա է. Յուրաքանչյուր ոք պետք է պարտականություն և պատասխանատվություն ստանձնի և կատարի իր պարտականությունները։

Այնուամենայնիվ, ցանկանում ենք ընդգծել, որ հաջողության համար պետք է համապատասխան լինեն նաև ժողովրդավարական քաղաքականությունը և իրավական հիմքերը։

Պարզ է, որ PKK-ն եղել է Քուրդիստանի վերջին կես դարի մեծ հերոսության և ճշմարտության շարժումը։ Ամեն ինչ ձեռք է բերվել/ նվաճվել  շատ խիզախ ու անձնազոհ պայքարով, գին վճարելով ու ջանքերով։ Խորին հարգանքով, սիրով ու երախտագիտությամբ ենք ոգեկոչում այս մեծ ազատամարտի բոլոր հերոս նահատակներին։

Հիմա էլ նույն ոգով ու հավատով այս պատմական նվաճումները տանում ենք դեպի նոր պայքարի փուլ։ Առաջնորդ Ափոյի տված գիտակցությունը և PKK-ի ստեղծած մեծ փորձը մեր ժողովրդին ուժ են տալիս ժողովրդավարական քաղաքականությամբ պայքար մղելու բարության, ճշմարտության, առաքինության և ազատության համար։

Առաջնորդ Ափոյի խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչի իրականացման համար ճանապարհ հարթելու համար մենք այսօրվանից (մարտի 1-ից) հայտարարում ենք հրադադարի մասին։ Մեր ուժերից ոչ մեկը զինված գործողություններ չի ձեռնարկի, քանի դեռ նրանց վրա չեն հարձակվել. Ավելին, միայն Առաջնորդ Ափոյի գործնական ղեկավարությունը կարող է գործնական դարձնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են զինաթափումը»:

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Placeholder
Օջալանի պատմական կոչից հետո PKK-ն հրադադար է հայտարարել․ ի՞նչ է սպասվում առաջիկայում