Տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում. ՃՊ խորհուրդը՝ «Կասկադի» վերակառուցման ծրագրի մասին
Հասարակություն
16:49 03/03/2025
Հայաստան

Տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում. ՃՊ խորհուրդը՝ «Կասկադի» վերակառուցման ծրագրի մասին

Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել «Կասկադի Վերակառուցման» ծրագրի իրականացումը և կառույցի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում: Այս մասին ասվում է Հայաստանի Ճարտարապետների պալատի հայտարարության մեջ։ 

«Հայաստանի Ճարտարապետների պալատը հանրային տեղեկատվությամբ  տեղեկացել է, որ սույն թվականի փետրվարի 17-ին Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստի շրջանակներում հայտարարվել է «Կասկադի Վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպությունը, որն իրականացնելու է ներդրումային ծրագիրը։

Դեռևս 2024 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման երկու նախագիծ էր ներկայացրել՝ մշակված ամերիկյան և ֆրանսիական ճարտարապետական ընկերությունների կողմից։ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էին ֆրանսիական նախագծին։

«Կասկադ» Համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը։ Այն Երևանի քաղաքաստեղծ հանգույցներից է և, որպես քաղաքային դոմինանտ կառույց, ամբողջ քաղաքի ծավալատարածական հորինվածքի համար ունի թելադրող դիրք և մեծ նշանակություն։ Այն նաև ակադեմիկոս Ալ․Թամանյանի կողմից մշակված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքի կարևոր մասն է կազմում, ու տեսողական և տրամաբանական կապ է հաստատում նշված առանցքի շարունակության հետ։

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն «Կասկադ» համալիրը մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է /2018 թվ.-ից ստացել է նորահայտ հուշարձան կարգավիճակ/ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Կասկադ» համալիրի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը։ Համաձայն հեղինակային իրավունքը պաշտպանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Ջիմ Թորոսյանի հեղինակային իրավունքը նրա ժառանգների համար գործում է մինչև 2084 թվականը, Սարգիս Գուրզադյանի ժառանգների համար ՝ մինչև 2085 թվականը, իսկ Ասլան Մխիթարյանը ներկայումս  ստեղծագործող ճարտարապետ է։

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրությունից բխում է, որ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի համաձայնության /ԿԳՄՍ նախարարություն/, իսկ դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ։

«Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Բնականաբար այդ համաձայնեցումը պետք է տեղի ունենար մինչև «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանի կողմից այն հրապարակելը։

Հայաստանի ճարտարապետների Պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ և ակնկալում է հնչեցված խնդրի վերաբերյալ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը հնչեցված խնդրի վերաբերյալ: Բանն այն է, որ տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում, որը ոչ միայն  վնաս կարող է հասցնել համալիրի՝ գերակշիռ մասով կառուցված ծավալատարածական հորինվածքին և իր ուրույն կերպարով արդեն իսկ կայացած քաղաքային միջավայրին, այլև վտանգավոր նախադեպ կարող է դառնալ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների նկատմամբ անհարկի միջամտությունների համար:

«Կասկադի» նախագծման և շինարարության ընթացքը տասնյակ տարիների պատմություն ունի և համալիրն ավարտին հասցնելու  խնդիրը հասունացել է վաղուց, սակայն, ինչպես քաղաքաշինական մեծ նշանակություն ունեցող ու պատմամշակութային արժեք ներկայացնող ցանկացած այլ օբեկտի դեպքում, պահանջում է բացառիկ շրջահայաց և արհեստավարժ մասնագիտական մոտեցում, որը պետք է հաշվի առնի թե քաղաքի ընդհանուր պահանջները, թե ճիշտ ինտեգրվի գոյություն ունեցող միջավայրին, մասշտաբով չխոչընդոտի դիտարկվող հոյակերտ կառույցին և չառաջացնի լրացուցիչ ենթակառուցվածքային ծանրաբեռնվածություններ:

Տեղին է մեջբերել հայկական ճարտարապետական դպրոցի մեծ երախտավորի՝ Ջիմ Թորոսյանի պարզ և միաժամանակ խորը զգացմունքային խոսքերը.
«Կասկադը յուրահատուկ տեղ ունի իմ և գործընկերներիս կյանքում: Դա շենք չէ, սովորական կառույց չէ, այլ հանդիսավոր առանցք` կապված գեղեցկության գաղափարի հետ: Հիշում եմ, ինչքան էինք մտածում, ինչպես այն պետք է ներքևից դեպի վեր ձգտի, զարգանա և հասնի իր տրամաբանական ավարտին` հայկական պետականությանը նվիրված օբելիսկին»:

Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել «Կասկադի Վերակառուցման» ծրագրի իրականացումը և կառույցի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում:

Միաժամանակ հայտնում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի քաղաքապետարանին՝ «Կասկադի Վերակառուցման» ծրագիրը գործող օրենսդրության և մասնագիտական անհրաժեշտ մակարդակով իրականացնելու հարցում»,- նշված է Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհրդի հայտարարության մեջ։ 

 

Placeholder
Տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում. ՃՊ խորհուրդը՝ «Կասկադի» վերակառուցման ծրագրի մասին