Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ականը չկիսեց մյուս ՔՊ-ականի միտքը, որ իրենց պայքարն արդյունք է տվել
ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հիմնական զեկուցողն է, չհամաձայնվեց ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի այն դիտարկմանը, որ իրենց հետևողական պայքարի արդյունքում Հայաստանում վերջին շրջանում խաղամոլների քանակը նվազել է։
«Չեմ կարող կիսել ձեր այն միտքը, որ մեր պայքարն արդյունք է տվել. խաղադրույքների ծավալները 440 անգամ աճել են, ՊԵԿ տված թվերն է։ Ինձ էլ են ընկերություններն ասել, որ նվազել է, բայց խաղացողների թվի նվազումը չեմ կարողանում հասկանալ, երբ խաղադրույքների ծավալները 440 անգամ աճել են վերջին 13 տարիներին։
Երբ 2018 թվականին սա համարում էինք աղետ, մենք չկարողացանք ճիշտ պայքարել աղետի դեմ և աղետը 20 անգամ աճել է։ Այս իմաստով պետք է և հարկերը բարձրացնենք և սահմանափակումներն ավելացնենք, հնարավորություններ ստեղծենք պետական մարմինների համար, որ մի օր Հայաստանում շահումով խաղերն ամբողջությամբ արգելենք»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Հ.Սարգսյանի ներկայացրած նախագծում նշվում է. «Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլարի): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ:
2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ, կամ ծավալի 7.2 տոկոսի չափով:
2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով:
Շրջանառության ծավալի եւ վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով»։