«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով երկրների միջև հարաբերությունները զարգանում են՝ պաշտպանությունից մինչև առևտուր
Քաղաքական
20:09 05/03/2025

«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով երկրների միջև հարաբերությունները զարգանում են՝ պաշտպանությունից մինչև առևտուր

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը մասնակցել են «Իգդիր-Նախիջևան» գազատարի բացման արարողությանը, որը ռազմավարական կարևոր նախագիծ է դառնալու ադրբեջանական էներգետիկ անվտանգության ապահովման համար։ Այս մասին գրում է թուրքական TRT լրատվամիջոցը։

Թուրքական BOTAS ընկերության կողմից կառուցված 80 կմ երկարությամբ նոր գազատարն ունի օրական մինչև 2 միլիոն խորանարդ մետր գազ, որն ամբողջությամբ կբավարարի Նախիջևանի գազի կարիքները առնվազն 30 տարի։

«Գազատարը կդառնա Նախիջևանի հետ մեր ընդհանուր ճակատագրի խորհրդանիշը»,- ընդգծել է Էրդողանը` նշելով, որ նախագիծը կլրացնի էներգետիկ ոլորտում նախկին ռազմավարական նախաձեռնությունները։

Թուրքիայի ղեկավարը նաև հիշեցրել է երկրների միջև էներգետիկ համագործակցության այլ հաջողված նախագծերը, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Անդրանատոլիական բնական գազատարը (TANAP), որը ադրբեջանական գազ է մատակարարում Եվրոպա:

«Ինչպես մենք տեսանք Ադրբեջանին մեր կողքին մեր ամենածանր օրերին, հատկապես փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ, մենք նույնպես կլինենք մեր եղբայրների կողքին, երբ նրանք դրա կարիքը ունենան»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ համագործակցությունը կշարունակվի Նախիջեւանի հետ էլեկտրական կապերի ամրապնդմամբ։ Նա վստահություն է հայտնել, որ գազատարի այսօրվա բացումը ավելի կամրապնդի Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները։

Բացման արարողությանը Թուրքիայի նախագահը շնորհավորել է նաև Ադրբեջանի ժողովրդին Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ և նշել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ բոլոր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչև առևտուր։

Placeholder
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով երկրների միջև հարաբերությունները զարգանում են՝ պաշտպանությունից մինչև առևտուր