Կինոգործիչները կասկածներ ու մտահոգություններ ունեն
Մշակույթ
15:01 05/03/2025
Հայաստան

Կինոգործիչները կասկածներ ու մտահոգություններ ունեն

Հայաստանի կինոգործիչների միությունը մտահոգված է, որ «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և  անցկացման կանոնակարգ» փաստաթղթի՝ e-draft.am հարթակում տեղի ունեցած քվեարկության և դրա արդյունքների շուրջ կան կասկածներ։

«Կինոոլորտի մարդիկ՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ և այլն, որոնք ակտիվ մասնակցել են փաստաթղթի քննարկումներին և շահագրգիռ են որակյալ փաստաթուղթ ունենալու հարցում, որը կնպաստի կինոյի զարգացմանը, չպետք է ունենան կասկածներ, մտահոգություններ նման կարևոր փաստաթղթի քննարկումների և դրա ընդունման հետ կապված։

Հայաստանի կինոգործիչների միությունը շահագրգիռ է, որպեսզի կինոոլորտին և դրա զարգացմանը վերաբերող փաստաթղթերը լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող, ունենան բարձր լեգիտիմություն, ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ և հնարավորինս փոխհամաձայնությամբ, և հորդորում է համապատասխան կառույցներին անել հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,- նշված է Հայաստանի Կինոգործիչների միության հայտարարության մեջ։

Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանն ասաց, որ կինոլորոտի տարբեր գործիչներ քվեարկության  մասնակիցների թվի հետ կապված կասկածներ ունեն, այդ մասին արտահայտվել են իրեն էջերում, քննարկումների ժամանակ։

«Կասկածներ ունեն, որ քվեարկության  մասնակիցների թիվը վերջին պահին ավելացել է։ Չգիտեմ՝ ինչքանով են իրենց կասկածները հիմնավոր, կամ հիմնավոր չեն, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ իրենք կասկածներ ունեն, և մենք պարտավոր ենք հորդորել համապատասխան կառույցներին անել այնպես, որ կինոգործիչները կասկածներ, մտահոգություններ չունենան, այսպիսի կարևոր փաստաթուղթը լինի համագործակցային, միասին քննարկված»,- նշեց նա։

Ա. Մանուկյանի խոսքով, այսպիսի փաստաթղթի քննարկումը, մշակումը պետք է կինոոլորտի մասնագետների մեծ ներգրավածությամբ լինի։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը, մասնավորապես՝ օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ֆիլմարտադրության զարգացման և կինոնախագծերի ֆինանսավորման բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում գործող ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմն ունի բարեփոխման կարիք, քանի որ դրանում բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները։

Ակնկալվում է, որ առաջարկվող բարեփոխումը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը: Ըստ առաջարկվող նոր կարգավորման՝ ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղությամբ ֆիլմարտադրության զարգացմանը և ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:

Այսպիսով, ըստ նախագծի՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ (մարտին և հոկտեմբերին) կանցկացնի Ազգային ֆիլմերի նախագծերի մրցույթներ, որոնցում հաղթած կինոնախագծերին ՀՀ պետական բյուջեի միջոցներից ԿԳՄՍ նախարարության կողմից կտրամադրվի աջակցություն։

Մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում կինեմատոգրաֆիայի ոլորտում:

Մրցույթները նախատեսված են լիամետրաժ՝ 52 րոպե և ավելի տևողությամբ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, ինչպես նաև կարճամետրաժ` մինչև 52 րոպե տևողությամբ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն նախագծերի համար։

Նախագծի մրցութային ընթակարգով նախատեսվում է գնահատող փորձագիտական հանձնաժողովի ձևավորվում՝ համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի։

Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարելի էր ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև 2025 թվականի մարտի 4-ը:

Placeholder
Կինոգործիչները կասկածներ ու մտահոգություններ ունեն