Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ»... միայն թե Զելենսկու օրը չընկնի. Արմինե Օհանյան
Հասարակություն
22:02 06/03/2025
Հայաստան

Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ»... միայն թե Զելենսկու օրը չընկնի. Արմինե Օհանյան

«Երբ անհատի ծրագրերն իրականություն չեն դառնում, ասում ենք` խելքն ու գիտելիքը չհերիքեցին, ճիշտ հաշվարկ չարեց, գլխից մեծ գործ բռնեց, ոտքերն իր վերմակով չմեկնեց: Իսկ ի՞նչ են ասում, երբ գերտերություններն են իրենց հաշվարկներում սխալվում»,-գրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Նա մանրամասնում է.

«Այն էլ ինչ գերտերություններ` հսկայական ռեսուրսներ, հարուստ փորձ, պետական կայացած ինստիտուտներ, գիտահետազոտական և վերլուծական կենտրոններ, համալսարաններ, հմուտ դիվանագետներ ու պետական այրեր ունեցող: Ուզենք թե չուզենք` պետք է խոստովանենք, որ արևմտյան աշխարհը սխալ հաշվարկների վրա էր կառուցել իր քաղաքականությունը:

Ահռելի քանակի զենք-զինամթերք, անհաշիվ սանկցիաներ, անգամ ժողովրդավարությունից զիջումների գնացին` հանուն բաղձալի հաղթանակի... սակայն հաղթել չհաջողվեց: Չնայած Ռուսաստանը քիչ թե շատ ճանաչող, միջին վերլուծական կարողությունների տեր բազմաթիվ մարդիկ զգուշացնում էին, որ անհաղթահարելի խնդիր է իր առաջ դրել Արևմուտքը` հնարավոր չէ հաղթել միջուկային գերտերությանը, որի ժողովուրդը սովոր է երկարամյա պատերազմների, որը Լենինգրադի բլոկադա է ապրել, Նապոլեոն ու Հիտլեր է տեսել, որտեղ մարդու կյանքը գրոշ չարժե` կարող են միլիոնավոր զոհեր տալ և դա նորմալ համարել:

Աշխարհը սխալվեց իր հաշվարկներում, բայց այդ հաշվարկի մամլիչն իր վրա կրում է ուկրաինական ժողովուրդը, որին պետք է արժանին մատուցել` որպես կռվող, պայքարող, իր հողը պաշտպանող ժողովրդի: Եվ որքան էլ աններելի մեծ է Զելենսկու մեղքի բաժինը, անհնար է նրան ևս չկարեկցել:

Չնայած կան մարդիկ, որոնք ոգևորվել են Զելենսկու հրապարակային ստորացումից և նրա մոտալուտ քաղաքական վախճանն են կանխատեսում` «տարոսը` հայերիս» աղոթքներով: Բայց կան նաև մարդիկ, որոնք հույս ունեն, որ չի կարող Ռուսաստանի դեմ տասնամյակներ շարունակ պայքարած Արևմուտքն այդքան հեշտությամբ «հանձնվել»:

Իսկ մինչ աշխարհում գլոբալ հարաբերություններ են «պարզվում», մեր տարածաշրջանում շտապում են` Ալիևը շտապում է հայերից վերջին պատառը փախցնել, Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ»... միայն թե Զելենսկու օրը չընկնի»։

Placeholder
Փաշինյանը շտապում է վերջին պատառը «տալ»... միայն թե Զելենսկու օրը չընկնի. Արմինե Օհանյան