Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Պատերազմի հանգուցալուծումը մոտ է և սերտ կապված է Զելենսկու՝ մյուս շաբաթ ԱՄՆ կատարվելիք այցի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը ռուսական քաղաքական շրջանակներից տեղեկացավ, որ մյուս շաբաթ Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն՝ խաղաղության բանակցության և Թրամփի հետ հաշտության համար։
Հիշեցնենք, որ Թրամփն արդեն դադարեցրել է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։ Ռուսական քաղաքական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՌԴ նախագահը Թրամփի խաղաղության կոչին զուգահեռ պատերազմն ավարտելու քայլերի հաջորդականությունն է սահմանել՝ առաջարկելով փուլային լուծում։ Վլադիմիր Պուտինն իր ամերիկյան գործընկերներին ասել է, որ Զելենսկու հետ կկնքեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որով նախ կհայտարարվի հրադադար, և կողմերը որտեղ կանգնած են՝ կմնան այդ տեղում, ու այն կդառնա նոր սահմանային գոտի։
ՌԴ-ից ստացվող տեղեկությունների համաձայն՝ 3 տարի տևող պատերազմը խաղաղությամբ ավարտելու մասին փաստաթուղթը կկնքվի Ուկրաինայի նոր ղեկավարի հետ, որը կընտրվի նշանակվելիք ընտրություններում։ Եթե կրկին կընտրվի Զելենսկին, նրա հետ կկնքվի հիմնական փաստաթուղթը, որպեսզի լեգիտիմության խնդիր չունենա:
Սակայն հարկ է նշել, որ Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2024 թվականին, բայց 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո երկրում հայտարարվեց ռազմական դրություն, որի ընթացքում Սահմանադրությամբ արգելվում է ընտրությունների անցկացումը։
Եթե փորձենք ամփոփել ռուս-ուկրաինական պատերազմի 3 տարիներին վերաբերող ինֆորմացիոն գրոհը, կարող ենք ասել, որ պատերազմի հանգուցալուծումը մոտ է և սերտ կապված է Զելենսկու՝ մյուս շաբաթ ԱՄՆ կատարվելիք այցի հետ, հայտնում են ռուսական աղբյուրները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։