Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ իշխանությունը հայ գերիներին Բաքվում պահելու շահառու է, որովհետև հայրենասերները նրանց համար վտանգ են. Մանե Թանդիլյան
Արդեն 6 օր է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում հացադուլ է անում` իր այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Երեկ նրա ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գրավոր հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։
Panorama.am-ի հետ զրույցում Մանե Թանդիլյանն ասաց, որ բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը, բայց նրանք նաև հասկանում են, որ որոշողն ինքն է։
«Իմ խնդրանքն ուժի մեջ է։ Ռուբեն Վարդանյանը շատ ավելի վատ պայմաններում է, առանց բժշկական պատշաճ վերահսկողության։ Եթե ինձ մեր հոգատար բժիշկներն են վերահսկում, այնտեղ ադրբեջանցի բժիշկներն են լավագույն դեպքում որևէ բան անում։
Հետևաբար, այն պայմաններում, որոնցում ես եմ, անհամեմատելի լավն են, քան Ռուբեն Վարդանյանի հացադուլի պայմանները։ Դա նշանակում է, որ նա ամեն օր մահանում է, նրա առողջությանը հասցվել է անդառնալի հետևանքներ։
Որոշակի տևողությամբ հացադուլը մահացու է։
Իմ խնդրանքն է՝ Ռուբենը ողջ մնա։ Ես ամոթ եմ զգում ամբողջ հայ ազգի համար, որ նման հայորդի կարող է հանկարծ Բաքվի բանտում մահանալ։ Մենք ոնց ենք դա մարսելու՝ դա իմանալով, հասկանալով։ Սա շարունավող մղձավանջ է։
Բոլոր գերիների վերադարձին ամեն օր սպասում ենք։
Մեր ապիկարության, ներառյալ իշխանությունների, պատճառով է նա հացադուլ սկսել։ Մենք պետք է անենք ամեն բան, որ վերանան այն բոլոր պատճառները, որոնց համար նա հացադուլ է սկսել, իսկ մեր հայորդիները շարունակում են պահվել այնտեղ։ Սա այն բանը չէ, որին պետք է դիմանալ»,- ասաց Մ. Թանդիլյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունները գերիների հարցի լուծման ուղղությամբ ոչինչ էլ չեն անում, քանի որ եթե որևէ բան անեին, հիմա կճչային ֆեյսբուքում, ինչպես ապրում և կառավարում են ֆեյսբուքի միջոցով։
«Եթե որևէ բան անեին, չէին կանգնի ու ասի՝ դեռ պետք է հարցեր տանք Ռուբեն Վարդանյանին, թե ով էր նրան ուղարկել։ Վարդանյանի վրա հատորներ են բացվել ու ուզում եք ինձ համոզել, որ ջանքե՞ր են գործադրում, բայց առավոտյան հատորներ են ավելացնո՞ւմ։ Գերիների անունը տալիս են այն պարագայում, երբ իրենց վրա մի քիչ ճնշում են զգում Ալիևի կողմից ու որպես գործիք են օգտագործում գերիների այնտեղ գտնվելը։
Փաստերը խոսում են այն մասին, որ նրանք ոչ միայն բավարար ջանք չեն գործադրում, այլև շահառու են նրանց՝ այնտեղ պահելու, որովհետև հայրենասերները նրանց համար վտանգ են։ Նրանց տեքստերը լսե՞լ եք, մարդիկ Ադրբեջանի լոբբինգով են զբաղված։
Մեր հույսը հայ ժողովուրդն է, միջազգային հանրությունը»։
Ըստ նրա, տնտեսական սանկցիաներն ամենագործնական են Ալիևի համար, քանի որ նրա տնտեսական շահերը բազմաթիվ են բազում երկրներում, և եթե իր գրպանին հարվածներ լինեն, նա կփոխի իր որոշումները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։