Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ ձեր դիվանագիտական իմունիտետով. Օսկանյան
Քաղաքական
12:13 06/03/2025
Հայաստան

Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ ձեր դիվանագիտական իմունիտետով. Օսկանյան

«Ես զգում եմ, որ Հայաստանի  իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար»,- տեսաուղերձում ասում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին:

Նա ընդգծում է, որ այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեր առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։

«Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր, այս վերջին շրջանի փոքր ակտիվությունը, արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կամ արտաքին գործերի  նախարարի Ժնևի ելությում ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, բավարար չեն և արդյունք են միայն ու միայն վերջին շաբաթներին Հայաստանում ժողովրդի կողմից բողոքի և ինչ-որ տեղ նաև ցասումի հետևանք:

1.5 տարի այդ տղաներն անօրինաբար Բաքվի բանտում են, և Հայաստանի իշխանությունները, ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ ոչինչ չեն արել: Դրա ամենավառ ապացույցն այդ մեծ հնարավորության կորուստն էր, որ ԱԳՆ-ն բաց թողեց իր ձեռքից՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելութում որևէ անդրադարձ չանելով այս հարցին: Իր 10 րոպեանոց ելույթում մի բառ անգամ չկա մեր պատանդների, գերիների մասին»,- ասում է Վ.Օսկանյանը։

Նա նշում է, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահ  Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման, միգուցե խոշտանգումների ներքո ասել է՝  սա մեր ինքնորոշման պայքարն է եղել, օրինական է եղել, և դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել:

«Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են ու անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով:
Դուք անկախ չեք, դուք համարձակ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք և գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունք են»,- ասում է Վարդան Օսկանյանը։

Placeholder