«Ժողովուրդ». Հասկացրել են Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի
Օրվա մամուլ
08:44 07/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հասկացրել են Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովում երեկ կայացած դռնփակ հանդիպումը լարված է անցել, ուղեկցվել գոռգոռոցներով: 2020 թվականից անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջով երեկ Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը դռնփակ նիստից որոշ մանրամասներ կարողացավ պարզել: Նախ տեղեկացանք, որ հանդիպմանը մոտ 30 ծնող է մասնակցել, որոնք զայրացած են եղել Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: Մոտ մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ լսումների ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածին, կամ զոհվածի մահվան հանգամանքները: Քոչարյանն ասել էր. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ. դրան հասնելու համար և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հանձնաժողովները աշխատում են: Նաև հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ և պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է: Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը գտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի և այդտեղ հանգստություն կգտնի»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

Այս խոսքերը անասելի զայրացրել են ծնողներին: Նրանք գնացել են Ազգային ժողով, բարկացել, բղավել և զգուշացրել են Քոչարյանին, որ այսուհետև խոսելիս զգույշ արտահայտվի և իրենց զգացմունքների հետ չխաղա: Տեղեկացանք նաև, որ շատ ծնողներ ուշացումով են հասել ԱԺ, բայց կարողացել են հասկացնել Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների և ընդհանրապես անհետ կորածների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաև խոստացել էր նրանց, որ մինչև այս ամսվա վերջ անհետ կորածների ծնողները և ուժային կառույցները ևս մեկ փակ հանդիպում կունենան, բայց էլի խաբում է: Հստակ օր չի նշում` երբ պետք է կրկին հանդիպեն, որպեսզի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փաստերով պարզաբանումներ տա ծնողներին նրանց երեխաների գործերի մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժողովուրդ». Հասկացրել են Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի