Անբարոյական եմ համարում հիվանդ զինվորներին բանակ զորակոչելը. Իրավապաշտպան
Իրավունք
16:14 07/03/2025
Հայաստան

Անբարոյական եմ համարում հիվանդ զինվորներին բանակ զորակոչելը. Իրավապաշտպան

Զորակոչային տարիքի այն քաղաքացիները, որոնց լեղապարկը հեռացված է կամ բնածին բացակայում է, պիտանի են զինծառայության սահմանափակումով, երբ առկա չէ լեղու արտահոսքի կամ լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում, չունեն դիետիկ սննդակարգի անհրաժեշտություն։ Այս մասին Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտել են պաշտպանության նախարարությունից։

Իսկ երբ առկա է լեղու արտահոսքի կամ լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում, այդ տարիքի քաղաքացիները ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի  զինվորական ծառայության համար ու ստանում են տարկետում  պարտադիր զինվորական ծառայության  զորակոչից  երեք տարի ժամկետով՝ համաձայն ՀՀ կառավարության2018 թ. ապրիլի 12-ի N404Ն որոշմամբ հավելված 1-ով սահմանված հիվանդությունների ցանկի 34-րդ հոդվածի «բ» կետի։

Panorama.am-ի հետ զրույցում «Միքայելյան» հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Մանիկ Գեմիլյանը, խոսելով խնդրի ու դրանով պայմանավորված սննդակարգի մասին, նշում է.

«Լեղապարկի բնածին բացակայության դեպքում որևէ ապացուցված արդյունավետությամբ սննդակարգի խորհուրդներ առկա չեն, անհրաժեշտ է հետևել առողջ սննդակարգի կանոններին: Լեղապարկի հեռացման վիրահատությունից հետո նույնպես ապացուցված արդյունավետությամբ խիստ սննդակարգ առաջարկված չէ ներկայիս միջազգային գրականությունում: Մեծ մասամբ խորհուրդ է տրվում խուսափել ճարպի բարձր պարունակությամբ սննդից և երշիկեղենից, սնվել հաճախակի և փոքր չափաբաժիններով` վիրահատությունից հետո մի քանի շաբաթի ընթացքում, իսկ հետագայում հետևել առողջ սննդակարգի կանոններին»։

Գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգն ընդգծում է, որոշ դեպքերում, սակայն, սննդակարգի խախտումները կարող են նպաստել մարսողական գանգատների առաջացմանը` այսպես կոչված հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ:

«Պիգմենտային փոխանակության խանգարման տեսակներից ամենատարածվածն է Ժիլբերի համախտանիշը, որը համարվում է բիլիռուբինի փոխանակության բարորակ ժառանգական խանգարում: Սրա դեպքում հատուկ սննդակարգ չի առաջարկվում, այլ խորհուրդ է տրվում հետևել առողջ սննդակարգի կանոններին, մասնավորապես` խուսափել ալկոհոլից»,-ասում է բժիշկը։

Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեցինք,  այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում հիշյալ խնդրով քանի՞ քաղաքացի է զորակոչվել ԶՈՒ, ինչպե՞ս են ԶՈՒ-ում ապահովվում կամ ապահովվելու տվյալ խնդրով քաղաքացիներ համար անհրաժեշտ առողջ սննդակարգն ու պայմանները՝ ավելի հաճախ ու փոքր չափաբաժիններով սնվելը, ճարպի ցածր պարունակությամբ սնունդը և այլն, որպեսզի զինծառայողները հետագայում չկանգնեն առողջական նոր ու ավելի լուրջ խնդիրների առաջ։

2024 թ ձմեռային զորակոչի ընթացքում լեղապարկի բնածին բացակայության կամ հեռացման հիմքով խնդրով զորակոչված քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՊՆ-ից մերժեցին՝ հիմնավորելով, որ գաղտնի է։

Ինչ վերաբերում է սննդակարգն ապահովելու վերաբերյալ հարցին, նախարարությունից կրկնեցին.  «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն զորակոչիկները, ում լեղապարկը բնածին բացակայում է կամ հեռացված է (հեռացումից առնվազն մեկ տարի անցնելուց հետո, երբ առկա չէ լեղու արտահոսքի կամ լյարդի պիգմենտգոյացման ֆունկցիայի խանգարում, դիետիկ սննդակարգի  անհրաժեշտություն չունեն, և համաձայն 34-րդ հոդվածի «գ» կետի՝ ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով»։

Ստացվում է, նախարարությունը խուսափում է ուղիղ պատասխանել հարցին, թե ինչպես են ապահովելու նման խնդիր ունեցող զինծառայողների առողջ սննդակարգը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներն էլ ավելի չբարդանան։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ երկար տարիներ բարձրաձայնում է զինծառայողների խնդիրների, իրավունքների խախտման դեպքերի մասին, Panorama.am-ի հետ զրույցում համոզված պնդեց՝ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայողների համար հնարավոր չէ ապահովել առողջ սննդակարգ, փոքր բաժիններով հաճախակի սնվել։



«Եթե զինվորին սահմանափակումներով տանում են բանակ ու հետո դիրքեր են ուղարկում, ինչի՞ մասին է խոսքը։ Զինվորն արհամարված է հայոց բանակում։ Դուք կարող եք դա տեսնել Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի վարքագծից, ելույթներից, դա պարզ երևում է։ Իսկ դիետայի մասին նույնիսկ խոսելը ծիծաղելի է, դիետաներով երևի ապրում է միայն Պապիկյանը»,-ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով, առավել հաճախ իրենք ահազանգեր ստանում են հոգեկան առողջության խնդիրներ, մտավոր հետամնացություն ունեցող զինծառայողների հարազատներից։ Նրանց ծաղրում են, բռնության ենթարկում։

«Անբարոյական եմ համարում հիվանդ զինվորներին բանակ զորակոչելը, անբարոյական վարքագիծ է։ Անբարո եմ համարում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները»,-ասաց իրացապաշտպանը։

Հոգեկան առողջության խնդիր ունեցող զինծառայողների հարազատներից ստացած ահազանգերի մասին՝ հաջորդ հրապարակման մեջ։

Placeholder
Անբարոյական եմ համարում հիվանդ զինվորներին բանակ զորակոչելը. Իրավապաշտպան