Ջերմուկցիները պատրաստ են պայքարել իրենց կենսատարածքի համար․ բնակիչը՝ Ամուլսարի ծրագրի մասին
Հասարակություն
15:53 08/03/2025
Հայաստան

Ջերմուկցիները պատրաստ են պայքարել իրենց կենսատարածքի համար․ բնակիչը՝ Ամուլսարի ծրագրի մասին

«Ամուլսարի ծրագրի շահագործման հետ կապված մարդկանց համոզմունքներում, վստահաբար, ոչինիչ չի փոխվել։ Այն բնակիչները, որոնք տարիներ առաջ դեմ էին հանքավայրի շահագործմանը, այժմ էլ նույն համոզմանն են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի բնակիչ  Շիրակ Բունիաթյանը։

Ավելին, ըստ բնակչի, այժմ մտահոգությունների շղթան էլ ավելի է մեծացել։

«Գաղտնիք չէ,որ այժմ սահմանն ավելի մոտ է Ջերմուկին, ինչը մեծ խոչընդոտ և հարված է քաղաքի համար։  Այս պայմաններում, երբ առաջ է քաշվում Ամուլսարի աղետաբեր ծրագրի շահագործման հարցը, բնակիչներն ասում են,որ եթե չհաջողվի կանգնեցնել շահագործման ծրագիրը, ապա չեն պատրաստվում ապրել  այս տարածաշրջանում։ Ես ամենօրյա ռեժիմով հանդիպումներ եմ ունենում մեր համայնքի բնակիչների հետ և հաճախ հանդիպում եմ նշածս խոսակցությունների։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մարդիկ պատրաստ են Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքներով պայքարել իրենց կենսատարածքի, միջավայրի համար, բայց եթե որևէ ձև չգտնվի կասեցնելու այս ծրագիրը, ապա այս դեպքում, այո, շատ մարդիկ պատրաստ են իրենց բիզնեսները տեղափոխել այլ տարածք, իրենց ընտանիքներով տեղափոխվել»,- մանրամասնեց Բունիաթյանը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, իր ֆեյսբուքյան էջում՝ կիսելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված նորությամբ, գրել էր․ «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»։ 

Ջերմուկ համայնքի բնակչի դիտարմամբ՝  սահմանային անվտանգության հետ կապված խնդիրները մեծ  աղդեցություն են ունենում զբոսաշրջության վրա։

«Տուրիզմի նվազմանը զուգահեռ կնվազի աշխատատեղերի քանակը։ Այս ֆոնին, երբ պարտադրվում է նաև հանքարդյունաբերություն, մարդիկ տեսնում են, որ իրենք քաղաքում, ծննդավայրում կյանքն էլ ավելի է բարդանում»։

Ամեն դեպքում, Ջերմուկ քաղաքի բնակիչները թերահավատորեն են մոտենում, որ Ամուլսարի հանքավայրը երբևէ կշահագործվի։

«Մենք տեսնում ենք, որ այս պահին Ջերմուկում բավականին ակտիվ շինարարական գործընթացներ են տեղի ունենում, տուրիզմի ոլորտում նոր ներդրումներ են լինում։ Վերջերս հայտարարվեց նաև հանքային ջրի նոր շշալցման գործարանի կառուցման մասին։ Այս ամենը հանքարդյունաբերության հետ անհամատեղելի ներդրումներ են։ Հետևաբար, բնակիչների մոտ կա տարակուսանք, որ նման ներդրումներ են արվում զբողաշրջության ոլորտում, սակայն զուգահեռ արծարծվում է հանքարդյունաբերության թեման։ Շատերն ասում են՝  տեսնելով ներդրումների ծավալը, լուրջ չեն վերաբերում Ամուլսարի ծրագրի  ակտիվացմանը։ Կարծում եմ՝ ամեն դեպքում իրավիճակին համապատասխան արձագանք կլինի հանքավայրի շահագործմանը դեմ բնակիչների կողմից։ 2018թ․-ից ի վեր անընդհատ հայտարարվում է՝ «շուտով կշահագործվի» կամ «հաջորդ ամսի մեկից կշահագործվի», այսինքն՝ մարդիկ այդքան էլ լուրջ չեն վերաբրվում։ Սա առաջին դեպքը չէ, որ Կառավարության մակարդակով է հնչում տեսակետ՝ շահագործվելու մասին, բայց որևէ լուրջ փոփոխություններ չենք տեսնել։ Այս  պատճառով  տեղացիները նման խոսակցություններին սովորական են վերաբերվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ դեռևս նախորդ տարվա ամռանը Ջերմուկ համայնքում տեղի ունեցավ «Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորում և մեդիարշավ» միջոցառոըմը, որի նկապատակն էր ՝ ձևավորվել աշխատանքային խումբ՝  ներկայացնելու գյուղատնտեսության և  տուրիզմի ոլորտների զարգացման առաջարկներ, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանը։  Շիրակ Բունիաթյանից հետաքրքրվեցինք, թե  արդյո՞ք արդյունք տվել է աշխատանքային խմբի գործությունն այս ընթացքում։

Նրա խոսքով՝  թեև Ջերմուկն առողջարանային քաղաք է, սակայն զբոսաշրջության զարգացման համար դեռևս շատ անելիքներ կան։ Ինչ վերաբերում է բուն աշխատանքային խմբի գործունեությանն, ապա նշեց․

«Կարծում ենք՝ Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող գյուղական տարածքները  պետք է զարգացնել։ Օրինակ՝ դիտարկում ենք Գնդեվազ գյուղում սառնարային տնտեսության հիմնում, քանի որ այնտեղ շատ մեծ քանակությամբ ծիրանի այգիներ կան, հետևաբար մեծ քանակությամբ ծիրանի բերք է լինում, որի իրացումը երբեմն պահանջում փուլային լուծումներ։ Սառնարանային տնտեսության բացակայությունը հանգեցնում է բերքի փչացմանը կամ որակազրկմանը։ մենք հանդիպել ենք համայնքապետի հետ, ներկայացրել առաջարկներն ու ստացել ենք դրական  արձագանք։ Եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք համատեղ աշխատել ծրագրերի իրականացման և կյանքի կոչման շուրջ»։

Լուսանկարում՝ Շիրակ Բունիաթյան

 

Placeholder
Ջերմուկցիները պատրաստ են պայքարել իրենց կենսատարածքի համար․ բնակիչը՝ Ամուլսարի ծրագրի մասին