Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև
Քաղաքական
13:46 09/03/2025
Աշխարհ

Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև

Լաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները Սիրիայի նոր իշխանություններին հավատարիմ անվտանգության ուժերի և երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների միջև։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Al-Ikhbaria հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ Հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տարտուս նահանգում գտնվող Ալ-Քադմուս քաղաքի տարածք՝ «անվտանգությունը պահպանելու, կայունությունը բարձրացնելու և տարածաշրջանում անդորրը վերականգնելու նպատակով»։

SANA-ն հայտնել է, որ բջջային հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները դադարեցվել են երկրի հարավում և հարավ-արևմուտքում գտնվող Դարաա և Աս-Սուվեյդա նահանգներում: Նրա տեղեկություններով՝ Դարայի և Դամասկոսի միջև մալուխները կտրվել են դիվերսիայի հետևանքով։

Մարտի 6-ին անվտանգության ուժերի և նախկին նախագահի կողմնակիցների միջև բախումներ են սկսվել Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։ Ամենածանր  ընդհարումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Իշխանությունները նշված գավառներ են ուղարկել բանակային ստորաբաժանումներ և զրահատեխնիկա, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։ Մարտի 7-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է առափնյա շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին։ Մարտի 8-ին Սիրիայի անցումային կառավարությունը լրացուցիչ բանակ ուղարկեց ափամերձ շրջաններ՝ այնտեղ անվտանգությունը վերականգնելու և նախկին նախագահին աջակցող զինված անձանց դիմադրությունը ճնշելու համար:

Քրդական Rudaw հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Լաթաքիայում և Տարտուսում բախումների սկզբից ի վեր սպանվել է Ասադի 120 զինված կողմնակից, մինչդեռ կառավարական ուժերը կորցրել են 93 մարտիկի։ Քաղաքացիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը կազմում է Սիրիայի բնակչության 12%-ը։

Placeholder
Լաթաքիայում վերսկսվել են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև