Ինչի՞ եք հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց տանում բանակ, որ ստորացնե՞ք.  Իրավապաշտպան
Հասարակություն
15:33 10/03/2025
Հայաստան

Ինչի՞ եք հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց տանում բանակ, որ ստորացնե՞ք. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վերջին շրջանում մի շարք ահազանգեր է ստացել  բանակ զորակոչված մտավոր հետամնացություն ունեցող  տղաների վարքի, նրանց նկատմամբ բռնության ու այլնի մասին։

«Նրանք թիրախավորվում են բանակում, ծեծվում են, նրանց ծաղրում են, բռնության են ենթարկում։ Գիտե՞ք, ընտանիքներն էլ են շատ անպաշտպան, խեղճ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ժ. Ալեքսանյանը։

Ահազանգերը հաջորդել են պաշտպանության նախարարության որոշման, որի համաձայն, կրճատվեց  այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար։

«Ունենք հրապարակում, երբ մտավոր խնդիրներով երեխային զորակոչել են։ Մայրը մեզ հետ հեռախոսազրույցում ուղղակի ողբում էր։ Մի ահազանգ էլ օրեր առաջ ենք ստացել, երբ մտավոր հետամնացություն ունեցող տղային զորակոչել են այդ ցանկի կրճատումից հետո, մինչ այդ նա ազատված է  եղել ծառայությունից։ Հրամանատարը նկատել է, որ զորամասում նրա պահվածքն ադեկվատ չէ, շատ ուրախ եմ, որ հրամանատարն է  նկատել,  դրա մասին բարձրաձայնել, զինվորը ծաղրի, բռնության այս դեպքում չի ենթարկվել»,-նշում է նա։

Զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքին տեղյակ է նաև ՄԻՊ-ը։

Հիվանդությունների ցանկի կրճատման հարցի քննարկման ժամանակ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր. «Մենք գիտենք, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս։ Ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Սա անվտանգության քաղաքական հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»։

Իրավապաշտպանը  Փաշինյանի այս հայտարարությունը բամբասանք, հորինվածք, անբարո, սուտ  ու կեղծիք է որակում, չի բացառում մի քանի  նման դեպքի առկայությունը, բայց դա չի կարելի տարածել բոլորի վրա։

«Դա երևի միայն իրենց շրջապատում է, իրենք չընդունեցի՞ն վճարելու դիմաց բանակից ազատվելու օրենքը։ Իրենք են առանձնացրել հարուստներին։ Հիմա էլ խեղճուկրակ ընտանիքների երեխաներին տանում են նրանց փոխարեն։ Երբ զինվորի հետ մի բան է պատահում, նույն Փաշինյանը կանգնո՞ւմ է, հիմնավորո՞ւմ է։ Ասում է՝ բանակում ոչ մի խնդիր չկա, փչացնում է ողջ զինվորական անձնակազմին, թողտվության թույլտվություն է տալիս։ Զինվորն արհամարհված է հայոց բանակում, դրա վկայությունն այն  է, որ Փաշինյանն ասում է՝ հիվանդությունների փունջ ու դա տարածում է բոլորի վրա»,-արձագանքում է իրավապաշտպանը։

Հոգեկան առողջության խնդիրներով զորակոչված մի զինվորի էլ  դաժանորեն ծեծել են բանակում, ինչի հետևանքով, ինչպես ահազանգում է իրավապաշտպանը, հնարավոր է նրա հիվանդությունը խորանա, բարդանա։

«Սահմանափակումով զորակոչել են, իսկ հետո վեց հոգով հրամանատարի գլխավորությամբ ծեծել են, իսկ հետո գործը սարքեցին այդ տղայի վրա»,-նշում է իրավապաշտպանը։

Նրա համոզմամբ, խնդիրներով քաղաքացիներին զորակոչելու որոշմանը պետք է նախորդեին  ԶՈՒ-ում լուրջ բարեփոխումներ, մինչդեռ հիմա ըստ նրա, բանակում անպատժելի, կրիմինալ մթնոլորտ է, բարեփոխման իրական ցանկություն էլ չկա։

«Ո՞վ է ուզում փոխել բանակը։ Բացարձակապես ոչ ոք, նրանք վայելում են կյանքը, իրենց պաշտոնավարումն ու իրենց արտոնյալ վիճակը։ Ես հիմա շատ մտահոգված եմ, հոգեկան առողջությունը չի անցնում, չի բուժվում, ինչի՞ եք իրենց տանում բանակ, որ ստորացնե՞ք։ Ի վերջո, մտավոր հետամնացություն ունեցող անձը կարո՞ղ է ապահովել Հայաստանի անվտանգությունը, պաշտպանել սահմանը»,-ընդգծում է իրավապաշտպանը։

Placeholder
Ինչի՞ եք հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց տանում բանակ, որ ստորացնե՞ք. Իրավապաշտպան