«Հրապարակ». Միանգամից մի քանի թեկնածու առաջադրելու պատճառը Ընտրական օրենսգիրքն է
Օրվա մամուլ
09:13 11/03/2025
Հայաստան

«Հրապարակ». Միանգամից մի քանի թեկնածու առաջադրելու պատճառը Ընտրական օրենսգիրքն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր ընտրական գործընթացներում նոր երևույթ է ի հայտ եկել` միանգամից մի քանի թեկնածու առաջադրելը: Սրա պատճառը, իհարկե, Ընտրական օրենսգիրքն է, ըստ որի՝ քվեների մեծամասնություն չստացած ուժերը կարող են միանալ միմյանց և իշխանություն ձևավորել: Եվ մենք ունեցել ենք նախադեպեր, երբ ստացած քվեների քանակով որևէ ուժի զիջող երկու փոքր կուսակցություններ միավորվել են և իշխանություն վերցրել տեղական մակարդակում: Այս ամենից «դասեր քաղած» քաղաքական ուժերը նախապես են հոգում կոալիցիոն գործընկերոջ հարցը: Եթե ավելի պարզ ասենք` քաղաքական ուժը կամ թիմը տվյալ տարածքում մեկից ավելի թեկնածուներ է առաջադրում, որ ընտրություններից հետո միացնեն ստացած մանդատները և համայնքում իշխանություն ձևավորեն: Այդ տրամաբանությամբ են առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը և ընդդիմադիր որոշ շրջանակներ` Գյումրիում առաջադրելով երկուական, գուցե` անգամ երեք թեկնածու:

Այսպես. իշխանությունը հանդես է գալիս Սարիկ Մինասյանով, բայց արևմտամետների դաշինքը եթե անցողիկ շեմը հաղթահարի, ապա ՔՊ-ի հետ դաշնակցելու և իշխանություն վերցնելու հարցը կլուծվի:

Գյումրիում ասում են, որ նույն մեթոդն են որդեգրել նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը: Ճիշտ է` նրանք իրենց դեմքով հանդես չեն գալիս, բայց Քոչարյանի հետ ասոցացվող թեկնածուներ են համարվում Վարդան Ղուկասյանը և Կարեն Սարգսյանը, իսկ Սերժ Սարգսյանի հետ` Ռուբեն Մխիթարյանը և Մարտուն Գրիգորյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Միանգամից մի քանի թեկնածու առաջադրելու պատճառը Ընտրական օրենսգիրքն է