Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն ցույցերի ֆոնին մասնակցել է ԶՊՄԿ տնօրենի ծննդյան փարթիին. Դանիել Իոաննիսյան
Հասարակություն
15:50 11/03/2025
Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն ցույցերի ֆոնին մասնակցել է ԶՊՄԿ տնօրենի ծննդյան փարթիին. Դանիել Իոաննիսյան

«Բարեվարքության շեմը հաղթահարած թեկնածուների մասին որոշմանը կից ես հատուկ կարծիք եմ ներկայացրել Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության վերաբերյալ, իմ ու հանձնաժողովի մյուս անդամների գնահատականները բավականին տարբերվող էին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով «Ո՞վ կղեկավարի Հակակոռուպցիոն կոմիտեն․մրցույթի արդյունքներ» թեմայով։

Նրա խոսքով, Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքությունն այնքան  բարձր չի, որքան պետք է լինի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բարեվարքությունը, քանի որ խոսքը վերաբերում է այնպիսի պաշտոնի մասին, որտեղ պետք է ունենալ անբասիր վարք։

«Չորս խնդիր կար, որ ես արձանագրել եմ իմ հատուկ կարծիքի մեջ։ Դրանցից մեկն այն է, որ պարոն Մարտիրոսյանը, հանդիսանալով տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային պայմաններից դժգոհելու ցույցերի ֆոնին նա Մոսկվայում մասնակցել է կոմբինատի տնօրենի ծննդյան փարթիին»,-ասաց Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնն անցած տարվա նոյեմբերից թափուր է, ձևավորվել է թեկնածուների ընտրության համար խորհուրդ՝ բաղկացած վեց անդամից, որոնք ներկայացնում են ԲԴԽ-ն, ԱԺ-ն, Դատախազությունը, գործադիր իշխանությունը, ՀԿ սեկտորը։ ՄԻՊ-ը որակավորված մասնագետ չի ունեցել, հանձնաժողովում ներկայացուցիչ չի նշանակել։
Մրցույթի առաջին փուլում դիմել է մեկ թեկնածու, ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը, որը բարեվարքության բավարար շեմը չի հաղթահարել։

Երկրորդ փուլում առաջադրվել է 5 թեկնածու, որից երեքը՝ Արթուր Նահապետյանը,  Գևորգ Քոչարյանը և Պետրոս Մարտիրոսյանը հաղթահարել են բարեվարքության շեմը։ Բոլորը հինգն ունեցել են պետական աշխատանքի փորձ, նրանցից երկուսն ունեին հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված փորձ, նրանցից չորսը իրենց կարիերան սկսել էին մինչև հեղափոխողությունը, մեկը՝ դրանից հետո։

«Բարեվարքության շեմը հաղթահարած թեկնածուները ներկայացվել են կառավարությանը, գործադիրը նրանցից մեկին կնշանակի կոմիտեի նախագահ։ Օրենքի համաձայն, կառավարությունը կարող է ոչ մեկին չնշանակել, այդ դեպքում կրկին մրցույթ կհայտարարվի»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն ցույցերի ֆոնին մասնակցել է ԶՊՄԿ տնօրենի ծննդյան փարթիին. Դանիել Իոաննիսյան