Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձեր արժանապատվության վրա թքում են բարձր սարից. Մանե Թանդիլյանը՝ իշխանությանը
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն ու ևս երկու քաղաքացի՝ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը, արդեն 11 օր է հացադուլ են անում Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Բաքվի բանտում գտնվող ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։
Panorama.am-ի հետ զրույցում Մանե Թանդիլյանն ասաց, որ դիմանում են հացադուլին։
«Ջրազրկվում եմ հաճախ, դա է իմ հիմնական խնդիրը։ Գնում եմ հիվանդանոց, ջուր եմ ստանում, մի փոքր կազդուրվում եմ։ Ցուցանիշները մի քիչ ավելի վատ են, քան սկզբից։ Սպասելի է, բայց ոչինչ, դեռ նորմալ է»,- նշեց նա։
Նրա ուղերձն է հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին, ում գործով այսօր Բաքվի դատարանում հերթական կեղծ դատավարությունն է տեղի ունենալու, ողջ ու առողջ մնա, վերադառնա հայրենիք. «Մենք չենք կարող այդպիսի ճոխություն մեզ թույլ տալ, որպես հայ ազգ կորցնել նման հայորդի։ Իմ խնդրանքը դա է։
Այն, որ նա բարոյապես, հոգեպես յուրաքանչյուրիցս ուժեղ է, ամուր, բոլորը համոզվեցին։ Բայց կուզեմ, որ իր այդ ուժը չվնասի իր առողջությանը»։
Մանե Թանդիլյանն այն կարծիքին է, որ Ռուբեն Վարդանյանի հացադուլը, Հայաստանում տեղի ունեցող ակցիաները որոշակի արդյունք տվել են, և հայ հասարակությունը, և միջազգային կառույցները սկսել են որոշակի քայլեր ձեռնարկել։
«Ճնշան ազդեցության տակ սկսում են տեղի ունենալ գործողություններ։ Հայ ժողովրդի ոտքի կանգնելը, թեկուզ ֆեյսբուքյան տիրույթում, ցույցների, ակցիաների միջոցով, հետևողական արձագանքը, ստիպում է հասկանալ, որ հայ ժողովուրդը չի ներելու այս շինծու դատավարությունը, հայորդիներին ապօրինաբար պահվելը, սկսվում են գործողությունները։
Իհարկե, Ռուբեն Վարդանյանի հացադուլը մեծ ազդակ էր միջազգային հանրությանը սթափվելու, հասկանալու, թե ինչ է կատարվում։ Ցավում եմ, որ նման ծայրահեղ քայլի պետք է դիմի մարդ, որպեսզի միջազգային կառույցները սկսեն արձագանքել։ Այսինքն ինչ՝ մարդու կյանքի գնո՞վ ենք փորձում աշխատել»։
Հարցին՝ փաստորեն, ակցիաները, հացադուլը արթնացրեց միջազգային հանրությանը, բայց ոչ Հայաստանի իշխանությունների՞ն, Մանե Թանդիլյանն ասաց. «Ակնկալիք չունեմ Հայաստանի իշխանություններից, ո՞վ է խոսում Հայաստանի իշխանությունների մասին, ո՞վ է լուրջ ընդունում Հայաստանի իշխանություններին։
Գնում են, փարթիներ են անում, երբ որ իրենց հայորդիները Բաքվի բանտում գերեվարության մեջ են։ Ամոթ չունեն։ Նրանք դարձրել են այդ վարքագիծը նորմա, վարակում են մեր ժողովրդին... Դե եթե իշխանավորներին կարելի է, հասարակ ժողովրդին ինչո՞ւ չի կարելի։ Այդ անտարբերությունը սերմանում են ժողովրդի մեջ, առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդի, որ այնքան ցավ տեսավ, որ փորձում է ինչ-որ կերպ մեղմել այդ ցավը։ Պաշտպանական ռեակցիայով փորձում է քիչ ինֆորմացիա ստանալ, պահպանել իր հոգեկան առողջությունը։ Սրանք ասում են՝ դե ոչինչ, դա շատ լավ է, հանգիստ գնացենք, ման եկեք, ուրախացեք, ի՞նչ է եղել որ։
Ոչինչ չի եղել, ուղղակի ձեր արժանապատվության վրա թքում են բարձր սարից։ Այ դա է պատահել»։
Մանրամասն՝ տեսանյութում։