«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի որդուն ձերբակալե՞լ են, թե՞ էլի բռնել, շորերը թափ են տվել ու բաց թողել
Օրվա մամուլ
08:54 11/03/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի որդուն ձերբակալե՞լ են, թե՞ էլի բռնել, շորերը թափ են տվել ու բաց թողել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այս տարվա հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը ուղիղ հարց էր տվել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, որին ի պատասխան՝ նախարարն ասել էր, թե դեպքի մասին տեղյակ չէ: Դրանից օրեր հետո ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Արփինե Սարգսյանի հրահանգով՝ նախաձեռնված գործողությունների արդյունքում հարուցվել է վարույթ, նախօրեին էլ տեղեկացանք, որ այդ վարույթի շրջանակում ընթացող քննության արդյունքում 7 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել էր Արփինե Սարգսյանից նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի որդու կազմակերպված գազագողության դեպքի վերաբերյալ՝ ներկայացնելով, որ հարկային ծառայությունն անկարող է վերահսկել վիճակը, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու: «Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: Բայց ոստիկանությունը նույն Նահապետ Գևորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեց ու շատ արագ բաց թողեց: Վախենո՞ւմ եք «բանդիտների» դեմ պայքարելուց»:

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ տեղյակ չէ դեպքից, որից օրեր հետո ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ վարույթ է հարուցվել այս առիթով, գործը ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժին՝ քննության:

Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք պարզել, թե ովքեր են ձերբակալվածները, քանի՞ գազալցակայան է փակվել, կապարակնքվել, սակայն ՀՀ Քննչական կոմիտեն, ի դեմս Արթուր Պողոսյանի, համառորեն մեզ տեղեկություն չտրամադրեց:

Օրվա վերջում միայն տարածվեց անանուն մի հաղորդագրություն, համաձայն որի՝ «ՔԿ գլխավոր վարչությունում քննվում է նաև մի շարք գազալցակայանների սեփականատեր Ն.Գ.-ի (ենթադրաբար խոսքը Նահապետ Գևորգյանի որդու կամ փոխկապակցված անձի մասին է – խմբ) և մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել:

2025 թվականի մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաև 7 այլ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։ 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը) և 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը):

Իսկ 7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները:

Ովքեր են ձերբակալվածները, ովքեր ինչպես են ազատ արձակվել, ինչպես են ընտրվել, թե ովքեր պետք է կալանավորվեն՝ անհայտ է: ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը չի տրամադրում տեղեկություններ, որ հասկանանք՝ Նահապետ Գևորգյանի որ որդուն են ձերբակալել, ձերբակալե՞լ են, թե՞ էլի բռնել, շորերը թափ են տվել ու բաց թողել: Այս գործով կասկածները ակնհայտորեն շատ են, և հնարավոր գործարքների մասին հավանական սցենարներն ավելի են խորանում՝ գաղտնապահության ֆոնին:

«Ժողովուրդ» օրաթերթը, ամեն դեպքում, սպասում է ուղարկված հարցերի պատասխաններին, որոնք ստանալուն պես՝ կհանրայնացնենք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի որդուն ձերբակալե՞լ են, թե՞ էլի բռնել, շորերը թափ են տվել ու բաց թողել