Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը
Քաղաքական
15:15 11/03/2025
Տարածաշրջան

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր ցուցմունք է տվել «Ղարաբաղում բնակվող վկան», ով պատմել է, որ իբր «Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ է ժամանել 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ Չգիտեմ՝ նա Ռուսաստանից էր եկել, թե մեկ այլ տեղից»։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 22-րդ օրն է  նա գտնվում է հացադուլի մեջ: 

Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։  Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:

Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

Նշենք, որ Եվրախորհրդարանը վաղվա լիագումար նիստում քննարկելու է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։

 

Placeholder